«Հայաստանն էլ կարող է ստեղծել պրոֆեսիոնալ թրեյնինգ կենտրոն». «Դասատու» ծրագրի նախաձեռնող

Սամվել Հովհաննիսյան

44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Զիրոյանն արևը ծագելուն պես արթուն է. 5-ից առցանց շախմատ է պարապում Միացյալ Նահանգներում ապրող հայ երեխաների հետ։ Հետո գալիս են Եվրոպայում ապրող աշակերտները:

Հարազատներն ասում են՝ պատերազմի միջով անցած Դավիթին հենց շախմատն ու այս երեխաներն են օգնել կյանքը նորովի սկսել։ Ինքը՝ Դավիթը, շատ չի սիրում խոսել անցյալից, վիրավոր ոտքից. մտքերն՝ այսօրվա մասին են, նախադասություններն ավարտվում են ժպիտով:

«Մոտ չորս ամիս բուժումից հետո, քանի որ բուժումս երկար պետք է տևեր, շուտ զորացրվեցի, որից հետո արդեն որպես ուսուցիչ հիմա էստեղ եմ», - ասաց Զիրոյանը:

Նախկին ժամկետային զինծառայողը մեկ տարում 15 աշակերտ է գտել աշխարհի տարբեր ծայրերում՝ «Դասատու» առցանց կարթական հարթակի միջոցով։ Ինքն էլ դեռ ուսանող է՝ Ֆիզկուլտ ինստիտուտի շախմատի բաժնում է սովորում. ասում է՝ «Դասատուն» աշխատանքային լավ փորձ է, գումար վաստակելու հնարավորություն։ Բայց ամենից առավել՝ երեխաների հետ շփումն է ոգևորում:

Դավիթի պես մոտ 300 հայաստանցի և արցախցի է արդեն միացել է 3 տարի գոյություն ունեցող «Դասատու» ծրագրին։ Սա մի հարթակ է, որտեղ հայ ուսուցիչները դասավանդում են օտար երկրում ապրողներին:

Հայերեն, շախմատ, մաթեմատիկա, կիթառ, գրեթե ամեն ինչ, անգամ՝ երաժշտական գործիք սովորելու հնարավորություն կա։

Արդեն երկար տարիներ Ամերիկայում բնակվող Սամվել Հովհաննիսյանը կրթական այս նախաձեռնությունը սկսել է իր երեք երեխաներով։ Պատմում էր՝ դժվար էր արտերկրում ապրող երեխաներին կապել հայրենիքի հետ. դժվար է դրսում ապրող երեխայի մեջ պահել հայկական ինքնությունը:

«Հետո ես հասկացա, որ եթե մի բան ինձ պետք է, գոնե մի տոկոս մարդկանց էլ պետք կլինի, ինչու չսարքել էդպիսի դպրոց, որտեղ կարելի է, որ Հայաստանի ուսուցիչները դասավանդեն դրսում ապրողներին, և դրսում ապրողը ունի կապ, կոնտակտ ու լավ, որակյալ կրթություն է ստանում ու շատ երջանիկ է, որովհետև տատիկ-պապիկից շատ է տեսնում էդ դասատուին: Էդ կապը դասատուի հետ աշակերտի մոտ ստեղծում է Հայաստանը սիրելու հավելյալ մի առիթ», - ասաց Հովհաննիսյանը:

11-ամյա Պալոման Սինգապուրում է ծնվել. «Դասատուի» միջոցով հայերեն է սովորում։ Տառերն արդեն գիտի, դժվարությամբ է դեռ որոշ մտքեր թարգմանում, բայց խորամանկ ժպտում է՝ հիմա տատիկի հետ շփումն ավելի հեշտ կլինի։ Հայաստանում երկրորդ անգամ է: Իր սովորած հայերենով մի քիչ դժվար է հայաստանցիներին հասկանալ. ստիպված սկսել է ռուսերեն էլ սովորել։

Ամերիկաբնակ Սամվելի ընտանեկան նորամուծությունն արդեն բիզնես նախագիծ է, որը քովիդ տեսած աշխարհում քչերին է զարմացնում։ Հիմա մտածում են ընդլայնվելու մասին։

«Ինչու՝ ոչ, Հայաստանն էլ կարող է, ինչպես օրինակ, Թումոն կամ այլ կենտրոններ մշակում են իրենց կրթական ծրագրերն ու դա արտահանում են, այսպիսով մենք կարող ենք ստեղծել և՛ ծրագրեր, որոնք կարտահանենք, և՛ դասեր, որ արդեն ստեղծում ենք: Այսինքն մեծանալ, ստեղծել պրոֆեսիոնալ թրեյնինգ կենտրոն, որովհետև դժվար է անընդհատ լավ ուսուցիչներ գտնել, մի խոսքով անընդհատ խորանալ», - նշեց Հովհաննիսյանը:

Սրանք դեռ մեծ նպատակներ են, ավելի փոքրն իրականցվեց օրերս։ Ամառային արձակուրդին Հայաստան ժամանած աշակերտները, ի վերջո, իրական կյանքում հանդիպեցին իրենց ուսուցիչներին. օն-լայն դասերին դեռ կվերադառնան, հիմա օֆֆ-լայն արձակուրդի ժամանակն է։