Ռուսաստանի ՊՆ-ը հերթական անգամ հայտնում է ուկրաինական բանակի կորուստների մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ռուսական տանկերի առաջընթացը ցուցադրող տեսանյութ է հրապարակել։

Իսկ նախարարության մամուլի խոսնակ գեներալ Իգոր Կոնաշենկովը շաբաթ օրը, ներկայացնելով անցած օրվա մարտական գործողությունների արդյունքները, ասել է, որ ռուսական ավիացիան գերճշգրիտ հրթիռներով զինամթերքի երեք պահեստ ոչնչացրել է Զապորոժիեի շրջանում, երկուսը՝ Նիկոլաևի շրջանում։

Նրա խոսքով՝ ավիացիան երեք տասնյակից ավելի շրջաններում հարվածել է ուկրաինական բանակի ռազմական տեխնիկայի ու կենդանի ուժի կուտակումներին, ինչպես նաև կառավարման հինգ հենակետի։ Իսկ հակաօդային պաշտպանության համակարգը Նիկոլաևի մոտ ուկրաինական Միգ-29 կործանիչ է խոցել։

Նրա բերած տվյալներով՝ պատերազմի սկզբից ի վեր ռուսական ուժերը ուկրաինական հարյուրավոր օդանավեր, ուղղաթիռներ են ոչնչացրել, մի քանի հազար տանկ ու զրահամեքենա։

Պատերազմական պայմաններում կողմերի հայտնած տվյալները անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել։