Երիտասարդ ամուսիններ Դավիթը և Քրիստինեն Գյումրիի պատմական կենտրոնում օրեր առաջ իրենց հյուրատունն են բացել։ 3 տարի առաջ որոշեցին Երևանում փոքր տուն գնելու փոխարեն Գյումրիի պատմական շենքերից մեկը ձեռք բերել։ Հետո էլ ծագեց տան կեսը հյուրատուն վերածելու գաղափարը։
«Միայն հետո, երբ հասկացանք, որ տունն իրականում շատ մեծ ա երկուսիս համար, հասկացանք, որ կարող ենք կիսել, երկու լիարժեք տուն ստանալ, ու ինչ-որ փուլում եկավ միտքը հյուրատուն բացելու, որը նաև եկամուտ կբերի», - ասաց Քրիստինին:
Երիտասարդները փորձել են վերականգնել ու պահել տան հին դռներն ու Գյումրիի պատմական տներին հատուկ մյուս դետալները։
Երիտասարդները չեն փոշմանել, որ Երևանից Գյումրի են տեղափոխվել, հարմարվել են միջավայրին ու նաև քիչ-քիչ Գյումրվա բարբառով են խոսում:
«Էդ երբեմն ինքնաբերաբար ա ստացվում բարբառ վերցնելը, որովհետև աշխատանքի բերումով էլ, որ Թումոյում են դասավանդում, երեխաները բարբառով են խոսում ու չգիտեմս՝ չիդեմ ա դառնում, կգամը՝ կուգամ: Ինձ թվում ա՝ ժամանակավոր «գրին քարտ» ենք ստացել Գյումրիի, եթե արդարացնենք, ապա քաղաքացիություն էլ կստանանք, փորձաշրջան ա», - ասաց Դավիթը:
Իսկ դժվարություններն ասում են՝ հիմնականում թղթաբանության հետ է կապված եղել, քանի որ պատմական կենտրոնում՝ Կումայրի արգելոցում, գտնվող շինությունների յուրաքանչյուր ձևափոխություն պետք է համաձայնեցվի քաղաքային իշխանությունների և մշակույթի ոլորտը համակարգող գերատեսչության հետ։
Տան հիմնանորոգման ու հյուրատան կառուցման համար արված ներդրումը երիտասարդ ձեռներեցներն արդարացված են համարում ու մտածում են բիզնեսն ընդլայնելու մասին, քանի որ տեսնում են, թե ինչպես է ամեն տարի Գյումրի այցելող զբոսաշրջիկների թիվն ավելանում:
«Ճիշտ ա՝ նոր ենք բացվել, բայց երևի 50-ից ավելի զանգ ենք ստացել երկու օր օրվա համար՝ արդյոք ազատ տեղ ունենք, թե՝ ոչ: Դա խոսում է նրա մասին, որ հյուրատները մեծ պահանջարկ ունեն Գյումրիում, ու հուսով ենք՝ մեր հյուրատունը կաշխատի»,- ընդգծեց Դավիթը:
Հատկապես նկատելի է ռուս այցելուների թվի աճ
Գյումրին տուրիստական բում ունեցավ 2019-ին, երբ տարվա ընթացքում Շիրակի մարզ այցելած զբոսաշրջիկների թիվը հասավ մոտ 250 հազարի, բայց հետո համավարակով ու պատերազմով պայմանավորված անկում գրանցվեց: Սակայն նախորդ տարվանից այցելուների աճը կրկին շարունակվում է, հատկապես ներքին տուրիզմն է ակտիվացել:
Շիրակի տուրիզմի ու հետազոտությունների զարգացման կենտրոնի տվյալներով 2021-ին մարզը շուրջ 350 հազար այցելու է ունեցել: Այս տարի ևս տուրիստական հոսքի աճի ակնկալիք կա: Հատկապես նկատելի է ռուս այցելուների թվի աճ: Ուկրաինայում պատերազմից հետո մի շարք ռուսաստանցիներ Գյումրի են տեղափոխվել նաև երկարաժամկետ բնակության, իսկ զբոսաշրջիկներին Գյումրիում կարելի է ամեն քայլափոխի հանդիպել:
Մոսկվացի Իլյան ընկերների հետ Գյումրի է եկել ընկերոջ հարսանիքին. «2 օր է այստեղ ենք: Այցելել ենք սրճարաններ, ռեստորաններ, Սև բերդում ենք եղել ու շարունակելու ենք մեր այցերը: Մեզ այստեղ դուր եկավ»:
Զբոսավար Հովհաննես Ֆրանգուլյանը հիմնականում ռուս զբոսաշրջիկների հետ է աշխատում: Ասում է նրանց թվի աճն ակնհայտ է. «Էս տարի էս պատերազմի հետ կապված հետաքրքիր զարգացումներ կան, զբոսաշրջիկ են դարձել նաև այն Ռուսաստանի քաղաքացիները, ովքեր հիմա բնակություն են հաստատել Հայաստանում»:
Զբոսավարի կարծիքով, ի տարբերություն հայաստանցի այցելուների, օտարերկրացիներն ավելի շատ են հակված գումար ծախսել։ «Իրենք ավելի շատ գումար են ծախսում, իրենք ավելի երկար են մնում», - ընդգծեց նա:
Ռուսաստանցի այցելուներից բացի Գյումրիում ավելի քիչ թվով նկատելի են նաև այլ երկրներից՝ հատկապես Եվրոպայից եկող տուրիստներ։ Ռուսթավելի փողոցում հանդիպեցինք Սիմոնյան ամուսիններին, ովքեր Կոպենահագենից էին եկել:
«Դե տենց ա ստացվում՝ զբոսաշրջիկի կարգավիճակով ենք էս պահին: Ճիշտն ասած՝ կինս շատ ա եղել, բայց ես Գյումրիում առաջին անգամ եմ», - ասաց Սարգսյանը:
Հատկապես հին ու պատմական կենտրոնի շենքերն են գրավել ամուսիններին: Նույնիսկ ֆիլմերից հիշեցին հայտնի պատշգամբը. - «Մեր ֆիլմերը, էս շենքերը, բոլոր դրվագները մենք հատ առ հատ հիշում ենք»:
Ամուսինները հիմա մտածում են հետ վերադառնալու մասին, չեն բացառում նաև Գյումրի տեղափոխվելը: