Ուկրաինան դիմել է Թուրքիային՝ խնդրելով կալանել ուկրաինական ցորենով բեռնված ռուսական նավը

Ռուսական բեռնատար նավ, արխիվ

Ուկրաինան պաշտոնապես դիմել է Թուրքիային՝ խնդրելով կալանել ենթադրաբար ուկրաինական ցորենով բեռնված ռուսական նավը, որը Ազովի Բերդյանսկ նավահանգստից հասել է Թուրքիա։

Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլ Բոդնարը հուլիսի 1-ին ասել է, որ Բերդյանսկից դուրս եկած ռուսական դրոշով նավարկող նավը մտել է թուրքական Կարասուի նավահանգիստը։ Դեսպանը Թվիթերում գրել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազության հանձնարարության հիմքով դիմել են թուրքական կողմին՝ խնդրելով համապատասխան միջոցներ ձեռնարկել։

Դեսպանը չի նշել, թե ինչ բեռ կա նավի վրա, սակայն Ուկրաինայի Զապորոժիեի մարզի ռուսական կողմից նշանակված վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկին հունիսի 30-ին Տելեգրամի իր էջում գրել է, որ «Բերդյանսկից առևտրային նավը դուրս է եկել յոթ հազար տոննա ցորենով և ուղևորվել բարեկամական երկրներ»։