Արագածոտնի մարզի Ափնագյուղի 72-ամյա բնակիչ Գագիկ Խալաթյանը լսել է, որ հուլիսի 1-ից անկանխիկ եղանակով գնումներ անելու դեպքում թոշակառուները գումարի որոշ տոկոս հետ են ստանալու։ Բայց այդ մտքով առանձնապես ոգևորված չէ։
«Ես ո՛չ հավես ունեմ, ո՛չ զահլա ունեմ, որ գնամ եսիմ ուր, քարտով թոշակ ստանամ, հենա բերում են դուռը, նամուսով տալիս են», - ասաց Խալաթյանը:
Շուրջ 600 բնակիչ ունեցող այս գյուղում որևէ բանկոմատ չկա, Խալաթյանը պատմում է՝ իր կինն է թոշակը քարտով ստանում. - «Քարտով ա ստանում՝ էս երրորդ ամիսն ա, ստերանք չկա, տալիս ենք Ապարանից են հանում կամ տաքսուն ասում ենք Շենավան ա տանում, 1000 դրամ էլ տաքսուն ենք տալիս, որ տանում-բերում ա: Կամ մարդ ա գնում քաղաք, տալիս ենք, հանում բերում տալիս են»:
Կառավարության որոշմամբ հուլիսի 1-ից թոշակառուները անկանխիկ եղանակով՝ քարտով առևտուր անելու դեպքում ծախսած գումարի տասը տոկոսը հետ կստանան։ Վերադարձված գումարը՝ քեշբեքը, սակայն, չի կարող գերազանցել 5000 դրամը։ Գագիկ Խալաթյանը 59 հազար դրամ թոշակ է ստանում, եթե նա ամսվա ընթացքում, օրինակ, 40 հազար դրամի քարտով առևտուր անի՝ 4000 դրամ կկարողանա խնայել։
Իսկ որտե՞ղ կարող են գյուղացիները անկանխիկ առևտուր անել, արդյոք գյուղական փոքր խանութներն այդպիսի հնարավորություն ունեն։
«Քարտը Երևանի, քաղաքի բնակիչներին ա ձեռնտու, մենք ստեղ թոշակ ստանում ենք, գյուղապետարանում մուծում ենք մեր հարկերը, մեր կոմունալները, հելնում ենք դիմացի խանութն էլ մի ամսվա նիսյան ենք մուծում, էլ թոշակ չի մնում: Քարը ի՞նչ անենք, որ վրեն էլ փող գա», - ասաց գյուղի բնակիչներից Անժելա Եղիազարյանը:
66-ամյա Անժելա Եղիազարյանը դժգոհում է՝ արդար չէ, որ կառավարության այս նախաձեռնությունից կկարողանան օգտվել միայն քաղաքների բնակիչները։
Ափնագյուղի մթերային խանութի աշխատակիցը նկարահանվել չցանկացավ, բայց ասաց՝ իմաստ չի տեսնում անկանխիկ վճարային համակարգ տեղադրել։ Այդուհանդերձ, հուլիսի 1-ից բոլոր խանութները՝ անկախ գտնվելու վայրից, պետք է անկանխիկ վճարում ընդունելու սարք ունենան, ասում է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը՝ ընդունելով, որ գյուղերում այդպիսի հնարավորություն առայժմ չկա։
«Բնական է, որ բոլոր գյուղերում էլ գրեթե առնվազն մեկ մթերային խանութ կա, որտեղ գյուղի ժողովուրդ իրականացնում է առևտուր, և մեր գործընկերների հետ աշխատանքներում՝ Կենտրոնական բանկի, ՊԵԿ-ի և այլն, իրենց խնդրել ենք, և իրենք էլ մեծ ուշադրություն են դարձնում այս խնդրին ու առաջնահերթ POS տերմինալների տեղադրումը հնարավորինս կիրականացնեն այն տեղերում, որտեղ դրա կարիքն ավելի շատ կա», - նշեց Խաչատրյանը:
Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում նաև «անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որի համաձայն 300 հազար դրամը գերազանցող բոլոր գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով։ Քարտային տարբերակով թոշակ ստացողներին անկանխիկ գնումների դիմաց հավելավճար տրամադրելը պետության որդեգրած այս քաղաքականության տրամաբանության մեջ է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հուլիսի 1-ից 300 հազար դրամը գերազանցող գործարքները պետք է իրականացվեն անկանխիկԱյժմ գործող կարգավորումներով քաղաքներում բնակվող մինչև 75 տարեկան քաղաքացիներն իրենց կենսաթոշակն անկանխիկ եղանակով են ստանում։ Պետությունը նախատեսում է տարեցտարի ուժի մեջ մտնող նոր դրույթներով ավելացնել անկանխիկ թոշակ ստացողների թիվը։
Կառավարության ներկայացուցչի խոսքով՝ անհրաժեշտ է, որ մեծահասակներն էլ անմասն չմնան ժամանակից տեխնոլոգիաներից. - «Կենսաթոշակառուների ավագ սերնդի մոտ նոր գործիքների կիրառությունը անհրաժեշտություն է այս համատեքստում, և սա նաև խթանում է, որպեսզի իրենք սկսեն անխոչընդոտ կիրառել այս գործիքակազմը, մեծացնել գիտելիքները, ֆինանսական ոլորտի այս նորամուծությունների հետ կապված և այլն»
Ըստ փոխնախարարի՝ կառավարությունը նաև նախատեսում է հաջորդ տարվանից բարձրացնել կենսաթոշակները՝ առնվազն գնաճի չափով։ Պաշտոնական վերջին տվյալներով՝ Հայաստանում 12-ամյսա գնաճը 9 տոկոս է կազմել։