Առաջիկա օրերին Վաշինգտոնը կհայտարարի Ուկրաինային սպառազինության, այդ թվում՝ հակահրթիռային պաշտպանության համակարգերի ոլորտում 800 մլն դոլարի չափով լրացուցիչ աջակցության մասին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում։
Սպիտակ տան ղեկավարի խոսքերով՝ ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ հրետանի և զինամթերք, հակամարտկոցային ռադարներ, զինամթերք ավելի վաղ փոխանցված բազմակի հրթիռային համակարգերի համար։
«Մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի», - վստահեցրել է Բայդենը։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Ռուսաստանը թանկ է վճարելու հարևան երկրի տարածքի վրա հարձակվելու համար։ Բայդենը հավաստիացրել է՝ պատերազմը չի ավարտվի Ուկրաինայի պարտությամբ։
Ամերիկյան այս օգնությունը հատկացվում է ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի կողմից հաստատված աննախադեպ՝ 40 միլիարդ դոլարի օգնության փաթեթի շրջանակներում։ Այդ փաթեթը նախատեսում է 24 միլիարդ դոլարի հատկացում սպառազինության ձեռքբերման, ուկրաինական բանակի ֆինանսավորման համար։ Մնացած միջոցները կուղղվեն տնտեսական ծրագրերին, հումանիտար խնդիրների լուծմանը։