Փակ ճանապարհներով չի կարող զարգացում լինել. Բագրատ Ասատրյան

«Ազատության» հյուրը 1994-98 թվականներին Կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանը։

«Ազատություն». - Պարոն Ասատրյան, հինգ ամսիների վիճակագրությունը գործադրին բավական լավատեսություն է ներշնչել նախ այն իմաստով, որ 7 տոկոսանոց տնտեսական աճը լրիվ իրականանալի է։ Դուք համաձա՞յն եք։

Ասատրյան. - Աճի շարժիչը հիմնական դա ծառայությունների ոլորտն է, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է տեսնել և յուրաքանչյուր քաղաքացի կարող է տալ մեկնաբանությունն ու բացատրությունը։ Դա ռուս-ուկրաինական պատերազմն է, պատժամիջոցներն են, որ Ռուսաստանի նկատմամբ կիրառվում են, որի հետևանքով, բացի նրանից, որ զբոսաշրջիկության իմաստով Ռուսաստանը զրկվել է, կան նաև ածանցյալ հատվածներ, մասնավորապես ոլորտներ, ծառայությունների մատուցման ոլորտներ, որը Ռուսաստանից դառնում է շատ դժվար կամ անհնար։ Էստեղ IT ոլորտն է, էստեղ լոգիստիկ ծառայությունների մատուցում, և կա ներհոսք դեպի Հայաստան։ Գնահատականները կան, ուսումնասիրությունները կան։ Դրական երևույթներ կան։ Բայց հիմնականում էս երևույթներով է պայմանավորված, որովհետև խնդրի մյուս կողմը էն է, որ ունենք արդյունաբերության շատ թեթև աճ։ Իհարկե աճը դրական է, բայց նաև աննշան է՝ 2,7 տոկոս։ Այսինքն՝ արդյունաբերությունը ոչ թե նպաստում է, այլ զսպում է... Շինարարությունը պոզիտիվ է։ Ուղղակի տեսեք, դա մեր հավերժական խնդիրն է դառնում։ Շինարարությունը հիմնականում բնակշինարարություն է, բնակշինարարություն՝ բնակչության միջոցների հաշվին։ Բայց մեր արդեն չորս-հինգ տարիների թիվ մեկ խնդիրը դա կապիտալ ներդրումների ծրագիր չիրականացնելն է, բյուջեով նախատեսված հատկացումների չիրացնելն է։ Մնում է, տարեցտարի էդ կապիտալ ծրագրերը չեն իրականացվում, չեն կատարվում։ Կա մյուս պրոբլեմը. փաստորեն Հայաստանը ի վիճակի չի եղել և էսօր էլ ի վիճակի չի քիչ թե շատ լուրջ մի նախագիծ իրականություն դարձնել... արդեն չարաբաստիկ կարելի է ասել Հյուսիս-հարավի պատմությունը։ Օքեյ, կոռուպցիա է եղել, գողություն է եղել, էդ հասկացանք։ Չորս տարի ա էս ծրագիրը էլի կյանքի չի կոչվում։ Եվ այլն, և այլն, բազմաթիվ խնդիրներ կան։ Մենք եթե մտածում ենք զարգացման մասին, մենք պետք է մտածենք գլոբալ, երկարատև ծրագրերի մասին, որտեղ, այո, պետությունը իր մասը պետք է ունենա, բայց սա նաև կարող է շարժիչ լինել ամբողջ տնտեսության զարգացման համար։ Անկեղծորեն պետք է ընդունենք, որ նոր իշխանություն էր, երիտասարդ էին, թվում էր, թե եռանդով պիտի գան, ձեռնամուխ լինեն, բայց որևէ արդյունք այստեղ չենք տեսնում։ Ինչ-որ բաներ անում են իհարկե։ Դրական բաները կա՝ ներքին ճանապարհները և այլն, բոլորս ճամփորդում ենք, տեսնում ենք։

«Ազատություն». - Մարդկանց նաև հետաքրքրում է, թե այս թվերը հետևում երբ իրենց կյանքը կբարելավվի։ Մոտ 33 միլիարդ դրամ ուղղվելու է կենսաթոշակների բարձրացմանը, 17,3` հանրային ծառայողների աշխատավարձ։ Սրանք շոշափելի թվեր են։ Ակնկալվում է երևի հունվարի 1-ից որոշակի բարձրացումներ։

Ասատրյան. - Հայտարարությունները պետք է իրականություն դառնան, նայած երբ ա դառնալու, ինչպես ա դառնալու։ Թոշակների բարձրացումը իր հետևից կարող է բերել մի այլ խնդիր, ինչի հետ մենք էսօր ենք բախվում՝ գնաճ։ Էսօրվա թիվ մեկ չլուծված տնտեսական խնդիրներից մեկը բարձր գնաճն է։ Մայիսի համեմատ 9 տոկոս գնաճ ենք ունեցել։ Ընդ որում, 9 տոկոսի մեջ, ես իմ համար էլ հանեցի, սննդի աճի տեպմերը, գնի աճը 14,5 տոկոս։ Դա ի՞նչ է նշանակում։ Սա նախ և առաջ կենսաթոշակառուներին [է հարվածում], նախ և առաջ ավելի ստորին հատվածում գնվող մարդկանց մասին է խոսքը։ Եվ ես չգիտեմ ինչքան է թոշակները բարձրացվելու, քանի տոկոսով, ինչ մեխանիզմով։ Ես էնքան ոգևորված չեմ էսպիսի հայտարարություններով։

«Ազատություն». - Չափազանված չէ՞ պաշտոնական Երևանի լավատեսությունը, որ ճանապարհների ապաշրջափակումը խաչմերուկ է դարձնելու...

Ասատրյան. - Միշտ էդ ճանապարհների բացության համար եմ պայքարել , կռիվ տվել։ Սա հնարավորություն է։ Մենք համոզվեցինք, որ ճանապարհ չունենալը ինչպիսի միջավայր է ստեղծում և' տնտեսական, և' քաղաքական, և' բարոյական։ Էս զարգացումները նաև ներքաղաքական դաշտի պայմանավորված էին դրանով, այդ փակ լինելու հանգամանքով։ Բայց դա չի նշանակում, որ բաց ճանապարհը երաշխիք ա զարգացման համար։ Սա ընդամենը հնարավորություն է, առանց որի զարգացում չի կարող լինել։ Տարրական հարցեր... էսօր բախվել ենք՝ մի հատ ծիրան չենք կարողանում արտահանենք։ Բայց ծիրան ասածը դա գյուղացիությունն ա, գյուղատնտեսությունն ա և այլն, և այլն։ Էդ ճանապարհները մեզ պետք են, բայց մեզ ավելի շատ պետք ա խելք, որ էդ ճանապարհների հնարավորությունները կարողանանք ճիշտ օգտագործել, ճիշտ կառավարել։ Ես չեմ տեսնում, չեմ տեսել դրա դրսևորումները։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.