ԲԴԽ-ն մերժել է կարգապահական վարույթ հարուցել Ջհանգիրյանի նկատմամբ

Բարձրագույն դատական խորհուրդն (ԲԴԽ) այսօր մերժել է կարգապահական վարույթ հարուցել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ, ֆեյսբուքյան իր էջում գրել է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։

Ըստ Շաբոյանի, հանձնաժողովը գտել է, որ մոնտաժված ձայնագրության հիման վրա անհնար է սկսել դատավորի կամ ԲԴԽ անդամի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցում։

Արձանագրվել է նաև, որ բաց է թողնված կարգապահական վարույթի հարուցման օրենքով նախատեսված մեկ տարվա ժամկետը, այսինքն՝ Ռուբեն Վարդազարյանը ձայնագրությունը հրապարակել է ձայնագրությունը կատարելուց ավելի քան մեկ տարի անց։

Ավելի վաղ ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատրյանն էր տեղեկացրել, որ Բարձրագույն դատական խորհուրդը ձևավորել է հանձնախումբ, որն ուսումնասիրելու է արդյոք ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը սկանդալային ձայնագրության գործով խախտե՞լ է բարեվարքության կանոնը, թե՞՝ ոչ։ Խաչատուրյանը նաև տեղեկացրել էր, որ խնդրել են ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանին իրենց փոխանցել ձայնագրության չմոնտաժված տարբերակը՝ հարցազրույցի մասնակիցների արտահայտություններին ամբողջական գնահատական տալու համար։

Ռուբեն Վարդազարյանը հունիսի 20-ին հրապարակեց իր և Ջհանգիրյանի մասնակցությամբ անցած տարվա փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցի ձայնագրությունը, որում Ջհանգիրյանը հորդորում էր Վարդազարյանին ինքնակամ հեռանալ խորհրդի նախագահի պաշտոնից, երաշխավորելով, որ այդ դեպքում նրա դեմ քրեական գործեր չեն հարուցվի։ Վարդազարյանի լիազորությունները որպես ԲԴԽ ղեկավար, ինչպես նաև դատավոր կասեցվել էին դեռ նախորդ տարվա ապրիլին, արդարադատության իրականացմանը միջամտելու վերաբերյալ նրա դեմ հարուցված քրեական գործի հիմքով։

Սկանդալայնին ձայնագրությունը Գլխավոր դատախազությունն ուղարկել է Քննչական կոմիտե՝ դրանում նշվող հանգամանքները պարզելու նպատակով։ Հունիսի 23-ին ԲԴԽ-ն դադարեցրեց Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները։

Վարդազարյանի հրապարակած սկանդալային ձայնագրությունից մեկ շաբաթ անց էլ հարուցված քրեական գործ չկա, և չնայած ընդդիմադիրների ու քաղհասարակության ներկայացուցիչների պահանջին, Ջհանգիրյանը հրաժարական չի տվել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գագիկ Ջհանգիրյանը չպետք է հրաժարական տա, աշխատանքային հարց են քննարկել. իշխանական պատգամավոր