Պաշտոնական Բաքուն դատապարտում է Հայաստանի Զինված ուժերի բարձրաստիճան զինվորականի հայտարարությունը:
ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակ Սահակյանը նախօրեին Երևանում զորակոչի ժամանակ հայտարարել է, որ որոշում կա Լեռնային Ղարաբաղում միայն պայմանագրային զինծառայություն անցնելու մասին: Բարձրաստիճան զինվորականի խոսքով՝ Արցախում ծառայության գրավչության համար փաթեթ է մշակվել, որ պայմանագրայինները մեկնեն ծառայության, ընդ որում, ինչպես շեշտում էր Սահակյանը, խոսքը հիմնականում ղարաբաղցիների մասին է:
«Հայաստանի պաշտոնական անձանց այդ հայտարարությունը ցույց է տալիս, որ խաղաղության մասին հայկական կողմի խոսքերը ոչ այլ ինչ են, քան երկերեսանիություն», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան՝ պնդելով, թե այդպիսով հայկական կողմը խախտում է եռակողմ պայմանավորվածությունները:
«Մինչ ադրբեջանական կողմը քայլեր է ձեռնարկում հետհակամարտային շրջանում հարաբերությունները կարգավորելու և խաղաղությունը վերականգնելու ուղղությամբ, հայկական կողմի նման վերաբերմունքը բացահայտորեն ցույց է տալիս նրա շահագրգռվածությունը ոչ թե խաղաղությունը վերականգնելու, այլ տարածաշրջանում լարվածություն ստեղծելու համար»,- ասել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության խոսնակը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԶՈւ-երը հայտարարում են՝ 44-օրյայից հետո դադարեցվել է հայաստանցի զինծառայողների զորակոչը ԼՂ