Ռուսաստանցի ընդդիմադիր բլոգեր Ինսա Լանդերը շուրջ երկու շաբաթ Վրաստանի սահմանին սպասելուց հետո մեկնել է Լիտվա։
«Իրավիճակը հարթվել է։ Հունիսի 27-ին Վրաստանը թույլատրել է հատել սահմանը։ Հունիսի 28-ին ես ժամանել եմ Լիտվա», - պատմել է Լանդերը՝ հավելելով, որ Եվրամիություն մեկնելու հարցում իրեն օգնել են եվրոպացի դիվանագետները։
Հունիսի 12-ին ռուսաստանցի բլոգերը տնային կալանքից փախուստի է դիմել և փորձել մտնել Վրաստան։ Սակայն Վերին Լարսի անցակետում նրան թույլ չեն տվել հատել Վրաստանի սահմանը, և նա ստիպված երկու շաբաթ չեզոք գոտում սպասել է մինչև իրավիճակի հանգուցալուծումը։ Այդ ընթացքում Լանդերը քաղաքական ապաստանի դիմում է ներկայացրել, բայց մերժում է ստացել։ Վրաստանի իշխանություններն այդ որոշումը բացատրել են Լանդերին առաջադրված մեղադրանքի ծանրությամբ։
Հետաքննական գործունեությամբ հայտնի բլոգերը Ռուսաստանում մեղադրվում է «ահաբեկչական մասնակցության» համար։ Գործի հիմքում 2014 թվականին նրա կողմից համացանցում արված գրառումներ են: