Չնայած ինքնագնացների մշակույթի նոր թափ հավաքելուն, դեռ չի քննարկվում հետիոտների ու դրանցից օգտվողների անվտանգության ապահովման հարցը

Վերջին 3 ամսում միայն ինքնագնացներից (սամակատներից) տուժած շուրջ 40 քաղաքացի է դիմել «Հերացու» թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Սա միայն մեկ հիվանդանոցի տվյալ է, որը երեկ հրապարակել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, հիվանդանոցը հենց այս բուհի ենթակայությամբ է գործում։ Ըստ բժիշկների` տուժածները բախվել են տրանսպորտային միջոցների ու մարմնական վնասվածքներ ստացել։ Եղել են դեպքեր, երբ ինքնագնացը ոչ թե մեկ, այլ երկու կամ երեք անձ է վարել, արդյունքում՝ կառավարումը կորցնելով` հարվածել են կայանված կամ երթևեկող ավտոմեքենաներին։

«Երևանում քայլելը դարձել է լարված մի բան»,- դժգոհում է Գևորգ Սինդոյանը:

Երկամյա դուստրն, ասում է, մի կերպ է փրկվել էլեկտրական մոտոցիկլի անիվներից։ Սամոկատ, մոպեդ, էլեկտրական փոքրիկ մոտոցիկլ` բոլորն էլ հետիոտներին հատկացված ճանապարհներով են երթևեկում:

«Երեխաս մոտ երկու տարեկան է, ու պատկերացնում եք` ինքը կարող է աջ քայլել, ձախ քայլել, ու ոչ թե արդեն այդ էլեկտրական մոպեդներով անցան, այլ հենց առաքման մոտոցիկլետով, համարյա երեխայիս վրայով փորձեց անցնի: Խոսում էինք Հյուսիսային պողոտայի մասին, որը հետիոտնային է, ինքը քշեց, գնաց: Երբ որ կողքի պարեկներին հարցրի` տեսաք դուք, ի՞նչ էր, սա նորմա՞լ է, իրենք ասացին, որ ցավոք, օրենսդրական կարգավորումն իրենց հավասարեցնում է հետիոտնին, ու իրենք ոչ մի բան չեն կարող անել: Չես կարող դու 25-30 կմ/ժամ արագությամբ քայլող մարդ տեսնես», - ասում է նա:

Ինքնագնացների մշակույթը Հայաստանում նոր է թափ հավաքում, դա էկոլոգիապես մաքուր, մատչելի ու արագ տեղաշարժվող փոխադրամիջոց է։ Ճարտարապետ Հայկ Զալիբեկյանը դեռ 5 տարի առաջ է հայրենիք բերել առաջին էլէկտրական ինքնագնացը, վարելու առաջին իսկ փորձը ձախողվել է՝ վթարի է ենթարկվել։

Արդեն հինգ տարի է` միջազգային փորձն է ուսումնասիրում, ասաց՝ դեռ ոչ մի երկրում իդեալական մեխանիզմ չի գտել, բայց ի տարբերություն Հայաստանի՝ երկրներ կան, որ տարբեր սահմանափակումներ են մտցրել. «Օրինակ` Գերմանիայում, նույնիսկ պարտադրում են գրանցել և ունենալ համար, պարտադրում են ունենալ ապահովագրություն, որովհետև այդ կոնֆլիկտային դեպքերում, եթե մեքենային բախվեցիր, ո՞վ է վճարելու այդ տույժը, եթե քեզ, կամ դու ես վնասել: Ռուսաստանն այս վերջերս սկսեց ակտիվ քննարկել այդ թեման, թե ինչ սահմանափակումներ մտցնել: Իրենք ուզում են գալ այն սահմանափակումներին, որ օրինակ` այգիներում ստիպողաբար արագությունը քչանա մինչև 6 կմ/ժամ, մինչև հետիոտն արագություն, իսկ ընդհանուր օգտագործման ճանապարհներում, հեծանվուղիներում` մինչև 20 կմ/ժամ: Մենք, ցավոք, դժվարանալու ենք այս խնդրում ինչ-որ ձև կանոնակարգել, քանի որ մենք չունենք հեծանվուղիներ, մեր մայթերն էլ այդքան էլ հասուն չեն իրականում մարդու համար նորմալ, ինքնագլորի համար` առավել ևս»:

Ճարտարապետ Հայկ Զալիբեկյանը, որ երկար տարիներ նաև Երևանի հատակագիծը, ճանապարհների ու մայթերի կառուցվածքներն է ուսումնասիրում, ասում է` առայժմ միակ լուծումը հեծանվային ուղիների ավելացումն է։

«Չպետք է սպասենք` զոհ լինի, կամ դեպքերն ավելանան»,- սա էլ «Ազատությանը» հանդիպած երևանցիների կարծիքն է: Շատերը դժգոհ էին, մյուսները՝ գոհ, որ ինքնագնացից օգտվելու հնարավորություն ունեն. «Իրենք ավելի չեն հոգնեցնում վարելուց, ինչպես օրինակ` հեծանիվները, իրենցով ուղղակի վերև բարձրանալն է ավելի հարմար քաղաքում»:

«Ամեն դեպքում կոմֆորտ չի, որովհետև պատահական չես նկատում, որ անցնում են, բախման խնդիր է առաջանում», - ասաց մեկ այլ քաղաքացի:

«Ազատությունն» օրեր շարունակ հարցումներ է ուղարկել Ոստիկանություն, Տարածքային կառավարման նախարարություն և Առողջապահության նախարարություններ, բայց ոչ մի տվյալ, ոչ մի հստակ խոսք ինքնագնացների մասնակցությամբ վթարների ու դրա հետևանքով վնասվածք ստացած մարդկանց վերաբերյալ։ Թե այսպիսի վթարներից տուժած քանի՞ մարդ է տեղափոխվել Երևանի մյուս հիվանդանոցներ, Առողջապահության նախարարությունից պատասխանել են՝ այդ տվյալների հավաքագրումը դուրս է իրենց գործառությներից։

Տարածքային կառավարման նախարարությունից էլ ուղղորդել են Ոստիկանություն։ Այստեղից միայն մոպեդների մասնակցությամբ վթարների վիճակագրություն փոխանցեցին։ Նախորդ տարի գրանցվել է 46 պատահար, 50 մարդ վիրավորվել, և մեկը մահացել է։ Իսկ այս տարվա միայն առաջին հինգ ամիսների ընթացքում արդեն 33 պատահար է գրանցվել, 35 մարդ էլ վիրավորվել է, զոհ՝ բարեբախտաբար չկա։ Ոստիկանությունից նաև նշել են՝ ՃՈ-ն բողոքների քանակի առանձին հաշվառում չի անում՝ ըստ տրանսորտային տեսակի։

«Խնդիրը նոր է, դեռ հստակ կարգավորում չկա»,- «Ազատության» տաղավարում ասել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Բայց հստակ է մի բան՝ քաղաքապետարանն այս հարցում լիազորություն չունի. սա էլ քաղաքապետարանի վերջին հայտարարությունն է:

Ռուսաստանն այս օրերին քննարկում է սահմանափակումները թույլատրելի արագությունն ու տարիքային շեմը հստակեցնելու համար, Չեխիայի մայրաքաղաքում՝ տուրիստական հատվածներում ինքնագնացները թույլատրվում է վարել միայն մայթերով։ Նորվեգիայի կառավարությունը ևս դիտարկում է հարցը, չի բացառվում, որ ինքնագնաց վարելու իրավունք տրվի միայն 16 տարեկանից բարձր քաղաքացիներին։ Հայաստանում դեռ ոչ էլ քննարկվում է` ի՞նչ անել, ինչպե՞ս ապահովել հետիոտնի, վարորդի և ինքնագնացներից օգտվողների անվտանգությունը: