Կայացավ «Ալեքսանդր Սպենդիարյան» երկլեզու պատկերագրքի շնորհանդեսը

Հայ մեծանուն կոմպոզիտոր, հայ դասական երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը, որը լրացավ 2021 թվականին, ԿԳՄՍ նախարարության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, նաև Հայաստանում ու Սփյուռքում գործող այլ հաստատությունների և անհատների աջակցությամբ, կոմպոզիտորի տուն- թանգարանի անմիջական մասնակցությամբ ու նախաձեռնությամբ մեկ ամբողջ տարի Հայաստանում և արտերկրի մի շարք քաղաքներում նշվեց ամենատարբեր իրադարձություններով: Կայացան համերգներ, հանդիպումներ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ և այլն, որ իրենց տրամաբանական ավարտը գտան հոբելյանական «Ալեքսանդր Սպենդիարյան» պատկերագրքի հրատարակությամբ։ Այն տպագրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ և աջակցությամբ։

Պատկերագրքի շնորհանդեսը տեղի ունեցավ «Երևան, իմ սեր» հիմնադրամի բացօթյա տարածքում՝ մեկ անգամ ևս արժևորելով մեծանուն կոմպոզիտորի անցած ստեղծագործական ուղին և սերունդներին թողած ժառանգությունը։ Պատկերագիրքը 2019-2021 թվականներին կազմել են Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրենի՝ Մարինե Օթարյանի նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ թանգարանի աշխատակիցներ Աստղիկ Հարությունյանը, Հասմիկ Համբարյանը, Հասմիկ Գուլակյանը և թարգմանիչ Գոհար Մելիքյանը։

Իր տեսակի մեջ եզակի, երկլեզու այս պատկերագրքում զետեղված նյութերի մեծ մասը լույս է տեսնում առաջին անգամ։ Այն տպագրել է «Անտարես» հրատարակչությունը։

«Պատիվ է, որ այսօր հանրահռչակում ենք նման հայազգի, հայ մարդու, ազգային մեր արժեք հանդիսացող մտավորականի գործն ու թողած ժառանգությունը: Դա պատիվ է, բայց միևնույն ժամանակ պիտի ասեմ, որ այդ աշխատանքն արվում է իրոք նվիրյալների շնորհիվ, մարդիկ, որոնք համար առաքելություն է ազգային արժեքների մարդկությանը տարածելը և պահպանելը», - «Ազատության» հետ զրույցում ասաց տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը:

Հոբելյանական պատկերագրքի վերջերս տեղի ունեցած շնորհանդեսին ներկա ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի համոզմամբ` առհասարակ անգնահատելի է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի կատարած աշխատանքը, հատկապես այս հոբելյանական տարվա շրջանակներում։

«Ընդհանրապես այն լրջությունը և այն խորը գիտակցականությունը, որ դրսևորեց Սպենդիարյանի տուն-թանգարանը, ողջ աշխատակազմն` իրենց տնօրենի գլխավորությամբ, միայն հիացումի ու խոնարհումի է արժանի, որովհետև Սպենդիարյանն այն անունն է, որի հոբելյանի նշանավորումը չէր կարող լինել շարքային միջոցառում, և անցյալ տարի մինչև այսօր շարունակվում են հանրային իրազեկման տարաբնույթ միջոցառումներ, և ամենակարևոր բանը, որ մենք հոբելյանական տարին ամփոփում ենք սեղանին դնելով նման մի հրաշալի ձեռնարկ, որպիսին է այս պատկերագիրքը երկլեզու` հայերեն և անգլերեն, և սա ամենամնայուն, ամենաճիշտ ընտրված վերջակետն է», - ասաց Խզմալյանը:

Մարինե Օթարյանը հավելեց, որ փոքր տպաքանակ ունի այն` 300 օրինակ. «Այս բոլոր ալբոմները իրենց տեղը կգտնեն բոլոր գրադարաններում, մշակութային հաստատություններում, արխիվներում, ֆոնդերում, երաժշտական հաստատություններում, այսինքն` այն վայրերում, որտեղ կան ուսումնասիրողներ, հետաքրքրվողներ, և որոնց համար մատչելի կդառնա դա, կարողանանք բոլորին հրամցնել»:

«Պատկերագրքում զետեղված է ձայնասկավառակը սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ, ձայնագրվել են Սպենդիարյանի ստեղծագործությունները, նաև QR կոդերի միջոցով կարելի է մուտք գործել և համապատասխան հարթակ և ամբողջ երաժշտական բովանդակությունը դարձնել հասանելի: Իսկ պատկերագիրքը մտածված էր շատ լավ, ըստ էության, արխիվային հավաքածուն` լուսանկարներ, նամակագրություն, ընծայագրեր, գրադարան, համակողմանիորեն ներկայացվում է Սպենդիարյան մտավորականին, կոմպոզիոտորին և հային», - շեշտեց Արա Խզմալյանը:

Տուն-թանգարանի տնօրենը նշեց, որ շուրջ 2 տարի հավաքչական աշխատանք են արել. «Գրքում 22 արխիվներից, ֆոնդերից և թանգարաններից տեղ է գտել մոտ 900 նյութ, այնպես որ կարծում եմ, որ մենք կարողացել ենք ամբողջապես ներկայացնել Ալեքսանդր Սպենդիարյան մարդուն, քաղաքացուն, երաժշտին, և կարծում եմ, որ սա նոր էջեր է բացելու Սպենդիարյանի գիտության մեջ»: