«Մեր ամենամեծ խնդիրը դատական համակարգն է». վարչապետն անդրադարձել է սկանդալային ձայնագրությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիսում է կարծիքը, որ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրության բովանդակությունը ստվերում է դատաիրավական բարեփոխումների ամբողջ պրոցեսը։

«Կարծում եմ», - մասնավոր զրույցի հրապարակումից մեկ շաբաթ անց խախտելով լռությունը Փաշինյանը երեկ այսպես՝ համառոտ պատասխանեց լրագրողի հարցին՝ հույս հայտնելով, որ սկանդալային ձայնագրությունը պատշաճ քննության կարժանանա։

Քննչական կոմիտեից մինչդեռ 8 օր անց էլ նյութեր են նախապատրաստում, քրեական գործ դեռ չկա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դատախազությունը Վարդազարյանի հրապարակած աղմկահարույց ձայնագրությունն ուղարկել է ՔԿ

Ձայնագրության մեջ լսվում է՝ ինչպես է Ջհանգիրյանն ինչ-որ գործեր կանգնեցնելու հավաստիացումներ տալիս այդ պահին քրեական գործով անցնող, մեղադրյալ Ռուբեն Վարդազարյանին ու խոսում քննությանը միջամտելու իր հնարավորությունների մասին։ Վարչապետն իր պատասխանում ավելի շատ խոսեց Ջհանգիրյանի զրուցակից, այլևս պաշտոնանկ արված Ռուբեն Վարդազարյանի և ընդհանուր դատական համակարգի խնդիրների մասին:

«Ռուբեն Վարդազարյանն էլ մեր իշխանության ժամանակ է դարձել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ և ձայնագրությամբ իր հետ կապված էլ խնդիրներ կան: Իհարկե, ես միշտ ասում եմ, որ մեր ամենամեծ խնդիրը դատական համակարգն է, որ մենք այստեղ իրական հաջողություններ չունենք: Կամ, կներեք, էդ նույն Ռուբեն Վարդազարյանը չէ՞ր 2019 թվականին հարցազրույց տալիս, ասում էր՝ «որ պահին վարչապետը ասի հրաժարական տուր, ես հրաժարական կտամ», հետո կառավարության դեմ հայտարարություններ էր անում: Բա դատական համակարգի նկատմամբ վարչապետի քննադատություններից հետո ինչի՞ չէր հրաժարական տալիս», - նշեց Փաշինյանը:

Ջհանգիրյանի հրաժարականի պահանջին միացած Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը կարծում է, որ վարչապետ Փաշինյանը պարզապես դատական համակարգը բարեփոխելու ցանկություն չունի:

«Ինքը երեկ կարծեմ խոստովանեց, որ՝ այո, այդտեղ ունի ձախողում, բառը չեմ հիշում ինչ օգտագործեց, բայց դատական համակարգի մասով Հայաստանում բարեփոխումներ չեն արվել: Նոր դատավորների, ԲԴԽ-ի, Սահմանադրական դատարանի անդամների նոր ընտրությունները, նշանակումները բարեփոխումներ չեն, այդ ամբողջ համակարգը քննազտում և վեթինգ պետք է անցներ, ինչպես ինքն էր ասել դեռ շատ վաղուց: Բայց դա, ըստ էության, տեղի չի ունեցել», - ասաց Բարսեղյանը:

Վարչապետը երեկ չասաց՝ կիսո՞ւմ է տեսակետը, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Ջհանգիրյանը պետք է հրաժարական տա։ Նրա հեռացման մյուս տարբերակը կարգապահական վարույթ հարուցելն է, ինչպես եղավ արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեպքում, հիմք ընդունելով Վարդազարյանի՝ լրատվական կայքերից մեկին տված հարցազրույցը։

Ինչպես երեկ տեղեկացրեց ԲԴԽ անդամներից Դավիթ Խաչատրյանը, Բարձրագույն դատական խորհրդում մինչև հիմա միայն հանձնախումբ է ձևավորվել, որը պետք է ուսումնասիրի աղմկահարույց ձայնագրությունը ու որոշի՝ կարգապահական պատասխանատվության հիմքեր կան, թե՝ ոչ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԲԴԽ նորաստեղծ հանձնախումբը կուսումնասիրի սկանդալային ձայնագրությունը

Հստակ չէ՝ ինչու միանգամից վարույթ չի հարուցվել, եթե դրա համար ԲԴԽ անդամներից երեքի ստորագրությունն էլ բավարար է։ Հայտնի է միայն, որ ձայնագրության հրապարակման հաջորդ օրը ԲԴԽ անդամները դիմել են Վարդազարյանին ու սպասում են ամբողջական ձայնագրությանը։

Գաղտնի ձայնագրության մեջ Ջհանգիրյանը խոսում էր ինչ-որ մեկի մասին, ումից հրահանգներ է ստանում՝ առանց անուններ տալու՝ «ինքն է ասել», «ինքը արդեն որոշումը կայացրել է» և այլն։ Բացի այդ պնդում էր, թե Վարդազարյանի հրաժարականը «իր վզին դրած է»՝ չհստակեցնելով՝ ում կողմից։ Ավելի ուշ, պարզաբանելով զրույցը, Ջհանգիրյանը խուսափել էր հարցից՝ ում կողմից են տրվել հրահանգները։ Փաշինյանը ևս երեկ այս հարցին ուղիղ չանդրադարձավ:

«Երկրի բարձրագույն իշխանությունը արտահայտել է և շարունակում է արտահայտել իր մտահոգությունը դատական համակարգում տեղի ունեցող ու առկա իրավիճակի նկատմամբ», - նշել է վարչապետը:

Սկանդալային ձայնագրության հրապարակումից հետո հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցվել են։ ԲԴԽ նոր նախագահ պետք է ընտրվի այդ որոշման հրապարակումից հետո տասն օրվա ընթացքում, այսինքն՝ մինչև հուլիսի 4-ը։ Սահմանադրության համաձայն՝ կառույցի ղեկավար այս անգամ արդեն կընտրեն Ազգային ժողովի կողմի առաջադրած անդամներից։ Մինչ այդ՝ ավելի քան մեկ տարի է՝ 67-ամյա Ջհանգիրյանն էր ղեկավարում դատավորների անկախությունը երաշխավորող այս կառույցը՝ որպես ամենատարեց անդամ։