ԱՄՆ-ի Թեքսաս նահանգի Սան Անտոնիո քաղաքում մեծ բեռնատարի փակ թափքում երկուշաբթի օրը հայտնաբերվել են մահացած 46 անօրինական միգրանտների մարմիններ։
Երեկոյան մամուլի համար հայտարարություններ են արել տեղի ոստիկանապետն ու հրշեջ ծառայության ղեկավարը։ Վերջինս հայտնել է, որ 16 հոգի ողջ էին մնացել, որոնք տեղափոխվել են հիվանդանոց։
«Բարեբախտաբար մեզ հաջողվեց 16 մարդու տեղափոխել, որոնցից 12-ը չափահաս են, 4-ը՝ երեխաներ։ Տեղափոխման պահին բոլորը գիտակցության մեջ էին», - ասել է Սան Անտոնիոյի հրշեջ ծառայության ղեկավար Չարլզ Հուդը։
Ոստիկանապետ Ուիլյամ ՄըքՄանուսն ասել է, որ երեք մարդ է ձերբակալվել, բայց այս պահին չի կարող ասել, թե արդյոք նրանք ուղիղ կապ ունեն միջադեպի հետ։
Մեքսիկայի սահմանից 250 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սան Անտոնիոյում երկուշաբթի օրը գրանցվել էր Ցելսիուսի սանդղակով ավելի քան 39 աստիճանի տաքություն, բարձր խոնավության պայմաններում։
Տասնյակ միգրանտների մահը Մեքսիկայից ԱՄՆ մարդկային թրաֆիքինգի վերջին շրջանում արձանագրված ամենաողբերգական միջադեպերից մեկն է։ 2017 թվականի հուլիսին նույն Սան Անտոնիոյում Wal-Mart-ի կայանատեղիում 10 մահացած միգրանտների մարմիններ էին հայտնաբերվել բեռնատարի կցասայլում։