Թուրքիայում մի շարք լրագրողներ և լրագրողական արհմիությունների անդամներ բողոքում են ընդդեմ ապատեղեկատվության մասին նոր օրինագծի։ Նրանք պնդում են, թե իշխանությունները ապատեղեկատվության դեմ պայքարի քողի տակ ուզում են սահմանափակել խոսքի ազատությունը, ինչը հակասում է Սահմանադրությանը:
Երկրի խոշոր քաղաքներում՝ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում օրերս հարյուրավոր մարդիկ «ազատ մամուլ, ժողովրդավար Թուրքիա», «ազատ մամուլը չի կարող լռեցվել» վանկարկումներով դուրս էին եկել փողոց՝ իրենց դժգոհությունը հայտնելու։
Իշխող կուսակցության ներկայացրած 40 հոդվածից բաղկացած օրինագիծը խորհրդարանի Արդարադատության հանձնաժողովի կողմից հավանություն ստանալուց հետո այս շաբաթ պետք է քննարկվեր թուրքական Մեջլիսում: Սակայն ընդդիմության առարկություններից հետո այդ քննարկումը տեղի չունեցավ և հետաձգվեց:
Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Թունջայ Օզքանը Deutsche Welle-ի թուրքական ծառայությանն ասել է, որ իրենց մտահոգությունները ներկայացրել են օրինագիծը հեղինակած իշխանական պատգամավորներին՝ հայտնելով, որ այն իսկապես սահմանափակում է մամուլի ազատությունը՝ անհնար դարձնելով լրագրությունը: Պատգամավորը նշել է, որ օրինագիծը պետք է վերանայվի և հավանաբար երկու շաբաթ հետո կրկին կբերվի խորհրդարանի օրակարգ:
Հանրային դժգոհություն է առաջացրել, մասնավորապես, Մամուլի վերաբերյալ օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագծի 29-րդ հոդվածը: Օրենսդրական այդ կարգավորմամբ 1-ից 3 տարվա ազատազրկում է սպառնում համացանցում չճշտված տեղեկություններ տարածելու և հասարակության մեջ իրարանցում առաջացնելու և պետության անվտանգությանը սպառնալիք ստեղծելու համար: Բացի այդ, այս փոփոխություններով թվային մեդիան վերահսկման ու գրաքննության վտանգի տակ է հայտնվում, մի շարք լրագրողներ էլ կարող են զրկվել իրենց հավատարմագրերից:
Հանրության մեջ սոցիալական մեդիայի օրենք անվանումը ստացած օրինագիծը լուրջ անհանգստություն է առաջացրել, քանի որ դրա ընդունման պարագայում ազատազրկում է սպառնում ոչ միայն թվային լրատվամիջոցներին, այլև պետության տեսանկյունից ապատեղեկատվություն տարածող ցանկացած օգտատիրոջ:
Ընդդիմությունը համոզված է, որ իշխանությունը նպատակ ունի փակել բոլորի բերանը, լռեցնել քննադատությունները իր հասցեին, որպեսզի ոչ ոք չխոսի տնտեսական ճգնաժամի, գնաճի ու կյանքի թանկացման մասին: