64-ամյա տիկին Նունեն սրտնեղում է՝ համատարած գնաճի ֆոնին իր 30 հազար դրամ կենսաթոշակը ոչ մի բանի չի հերիքում։ Հացը, կաթնամթերքը, բանջարեղենը` ամեն ինչն է թանկացել, ասում է թոշակառու կինը՝ չթաքցելով՝ անգամ մսամթերք գնել չի կարողանում:
«Ամուսինս է, ես եմ թոռներիս հետ, ու ես էլ հիվանդության խնդիր ունեմ: Ամեն մարդ իր ընտանիքը հազիվ կարողանում է պահել», - նկատում է նա:
Հրապարակված վերջին տվյալներով՝ Հայաստանում 12-ամսյա գնաճն 9 տոկոս է կազմել։ Անցած տարվա համեմատ` գրեթե 15 տոկոսով աճել են սննդամթերքի ու ոչ ալկոհոլային խմիչքների գները։ Քաղաքացիների եկամուտները, մինչդեռ, նույն համամասնությամբ չեն ավելանում։
«Ազատության» հարցերին պատասխանած երևանցիներից ոմանք անգամ ասացին` իրենց ընտանիքի ընդհանուր եկամուտը մեկ տարվա ընթացքում դեռ մի բան էլ նվազել է։
«Բոլորն են դժգոհ են, մենակ ես չէ», - նշում է տիկին Սուսաննան, որը նույնպես թոշակառու է, կես կատակ-կես լուրջ ասում է՝ խանութից քիչ առաջ գնած բանանն անգամ հայկական ծիրանից էժան է. «Դրսից են բերել, ավելի էժան է»:
62-ամյա Հովհաննես Մենտոնյանը շինարարությունում է աշխատում, նա էլ բացի սննդամթերքից, առանձնացնում է նաև շինանյութի թանկացումները. «Ես տուն եմ սարքում, մենակ պերեգառոդկեն 5 միլիոն փող ծախսեցի, շոկ էր դա: Ինձ թվում է` իմ աշխատավարձը քանի գնում, էժանանում է, բայց մնացած բաները թանկացել են»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դոլարը դրամի համեմատ շարունակում է գահավիժելՀամատարած թանկացումների ֆոնին շարունակում է արժևորվել հայկական դրամը։ Բանկերն այսօր քաղաքացիներից մեկ ամերիկյան դոլար են գնում արդեն 403 դրամով` մեկ ամիս առաջվա 450-ի փոխարեն։ Հայկական արժույթը դոլարի համեմատ թանկանում է օրեցօր։ Տարադրամի փոխանակման կետերում հերթեր են։
Փորձագետներն ասում են՝ եթե դրամի արժևորման այս միտումը մի քանի ամիս էլ շարունակվի, ներկրվող ապրանքների գները կարող են նվազել։
Ու մինչ քաղաքացիներն ասում են՝ խանութներում էժանացող ապրանքներ չեն նկատում, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն իր վերջին հրապարակումներում արձանագրել է՝ որոշ ապրանքների գինը, այնուամենայնիվ, իջել է։ Ըստ կառույցի` որոշակիորեն էժանացել է օրինակ` շաքարավազը. եթե մարտ ամսին մեկ կիլոգրամը 443 դրամ էր, ապա այժմ` 389: Երևանի ամենահայտնի սուպերմարկետներից մեկում այսօր հենց այդ գինն էր փակցված։
Հանձնաժողովի հրապարակած տվյալներն ու այսօր խանութում «Ազատության» ուսումնասիրությունը ցույց են տալիս, որ նույն ժամանակահատվածում շուրջ 400-500 դրամով էժանացել են կարագի մի քանի տեսակներ։ Այս ապրանքների էժանացմանը զուգահեռ, սակայն, նույն ժամանակահատվածում թանկացել են ալյուրը, ձեթը և մսամթերքը։