«Երբեք որևէ քաղաքական ուժի, դաշինքի պարտադրանքի արդյունքում ես հրաժարական չեմ տվել», - Հանրային հեռուստաընկերության եթերում երեկ հայտարարեց Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն՝ անդրադառնալով իր հրաժարականի կոչերին։
Ջհանգիրյանը շեշտեց՝ երեք անգամ է հրաժարական տվել երեքն էլ իր կամքով։ «Մեկը՝ 97 թվականին արդարադատության նախարարի առաջին տեղակալն եմ եղել, կամավոր հրաժարական եմ ներկայացրել, մյուսը՝ 2000 թվականին եղել եմ Զինվորական դատախազը, դատախազական հսկողություն եմ իրականացրել 27-ի հանցագործությունը քննող քննչական խմբի նկատմամբ և հրաժարականի դիմում եմ ներկայացրել երկրորդ նախագահին, չի ընդունվել և երրորդը, երբ 2008 թվականին իմ աշխատասենյակից ուղղակի եկել եմ հրապարակ, միացել եմ համաժողովրդական շարժմանը՝ հասկանալով, որ հաջորդ իսկ օրը ես պետք է ազատվեի զբաղեցրած պաշտոնից», - ասաց Ջհանգիրյանը։
Դիտարկմանը, թե ձայնագրությունում Ջհանգիրյանն ասում է՝ «վզիս դրված է», ստացվում է, որ գործադիրը թելադրում է, թե ինչ անել, ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն այսպես արձագանքեց․ - «Դա մտերմիկ զրույց է, և ես ասեցի, որ էդ դատաիրավական բարեփոխումների խնդիրն իմ առաքելությունն է եղել իմ ամբողջ մասնագիտական աշխատանքի ընթացքում։ Վզիս դրածը, կոպիտ ասած, իմ ճիտին պարտքն է, այսինքն՝ ես կամավոր ստանձնել եմ էդ բարեփոխման ընթացքի կատարումը, տեսական հիմքերի շարադրումը և դա ստանձնել եմ 90 թվականից, ոչ թե 2020 թվականին եմ առաջին անգամ ձեռնամուխ եղել։ Երբ որ ես ասում եմ՝ «իմ վզին դրած է», դա ես նկատի ունեմ, որ դա իմ առաքելությունն է, իմ կոչումն է և ոչ թե ինչ-որ մեկն ինձ պարտադրել է»։
Ձայնագրությունում Ջհանգիրյանը նաև ասում է, որ կարող է քրեական գործեր կարճել տալ, քրեական գործեր հարուցել, «սա կջրենք», «էս չենք կարում ջրենք» ինչի դեմ հեղափոխություն է արվել։ ԲԴԽ նախագահն ասաց՝ դրանք հոգեբանական հնարքներ էին։
«Բա դուք ո՞նց էիք ուզում, որ պարոն Վարդազարյանը համաձայներ դիմում գրեր, եթե ինքն իմանար, որ իր վրա գործեր են քննելու, իրեն հետո պատժելու են և որևէ երաշխիք չունի։ Այ քիչ առաջ ես ասացի՝ դրանք հոգեբանական հնարքներ են, ես կուտ եմ տվել, ժողովրդի լեզվով ասած, բա ես ինչ գիտեմ մի գործ կա, երեքը կա, կամ ես ոնց եմ կարճում, կամ հարուցել տալիս էդ գործերը, իմ լիազորություններից դուրս բաներ են», - ասաց Ջհանգիրյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԲԴԽ-ն դադարեցրեց Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները