Ուկրաինան և Մոլդովան պաշտոնապես դարձան Եվրամիության անդամակցության թեկնածու

Եվրամիության առաջնորդները Բրյուսելում շարունակվող երկօրյա գագաթնաժողովի ընթացքում Ուկրաինային և Մոլդովային դաշինքին միանալու թեկնածուի կարգավիճակ են շնորհել, այս մասին քիչ առաջ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«Համաձայնություն: Եվրոպական խորհուրդը հենց նոր որոշեց ԵՄ անդամակցության թեկնածուների կարգավիճակ տալ Ուկրաինային և Մոլդովային: Պատմական պահ է: Այսօր դուք կատարել եք ամենակարևոր քայլը դեպի Եվրամիություն ճանապարհին», - Twitter-ում գրել է Եվրոպական խորհրդի նախագահը՝ շնորհավորելով Ուկրաինայի ու Մոլդովայի նախագահներ Վլադիմիր Զելենսկիին և Մայա Սանդուին։

Եվրամիությանն անդամակցել ցանկացող երեք հետխորհրդային երկրներ՝ Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը դաշինքին միանալու հայտ են ներկայացրել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման ֆոնին։ Եվրամիության գործադիր մարմինը անցած շաբաթ իր եզրակացության մեջ առաջարկել է թեկնածուի կարգավիճակ շնորհել Կիևին և Քիշնևին, Թբիլիսիին՝ դեռ ոչ։