Իշխող ուժն առաջարկում է փակ քվեարկությամբ ընտրել համայնքների ղեկավարներին

Իշխող ուժն առաջարկում է ավագանու կողմից համայնքների ղեկավարների ընտրությունը կրկին փակ դարձնել։

Թե մեկ տարի առաջ արված փոփոխությունից հետո ինչո՞ւ են «Քաղաքացիական պայմանագրում» որոշել նորից վերախմբագրել Ընտրական օրենսգրքի նույն հոդվածը, խորհդրանական լսումներին փորձում էր հասկանալ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ Նա կասկածներ ունի, որ բացից փակ քվեարկության անցումը նպատակ ունի իշխող ուժին, այսպես ասած, քաղաքական առևտրի հնարավորություն տալ. - «Ինչպես օրինակ 16 թվականին Վանաձոր համայնքում ուղղակի քաղաքական առևտրի արդյունքում, համայնքի ընտրողների մեջքի հետևում կայացվեց որոշում, և այդպես էլ պարզ չեղավ, թե ով ում քվեարկեց»։

Անցած տարի հենց ՔՊ-ականների առաջարկությամբ էր օրենքը փոփվել ու քվեարկությունը բաց դարձվել։ Իոաննիսյանն կարծում է, որ դրանով կանխվեց քաղաքական առևտուրը։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Անտոն Իվչենկոն էլ է վստահ, որ ավագանու անդամների վրա իշխանականների ճնշումներն այդ փոփոխությունից հետո արդյունք չտվեցին. - «Ճնշում և պայմանավորվածություն։ Վանաձորում, Թալինում, Վեդիում, Վարդենիսում մենք չենք ունեցել պայմանավորվածություն, և եղել են ճնշման փորձեր։ Ճնշման փորձերը տեղ չէին հասնում, որովհետև մարդիկ կարող թույլ տալ խաղալ իրենք իրենց արժանապատվության և համբավի հետ։ Փակի դեպքում նրանք համաձայնվելու էին»։

Դանիել Իոաննիսյան

«Իշխանությունը փորձում էր ճնշում գործադրել կամ տարբեր կերպերով համոզել, առնել, առնել պարտադիր չի փողով... օրինակ, ինչ-որ պաշտոն խոստանալով, ինչպես Մեղրիում փորձեցիք անել ընդդիմադիրներին, որպեսզի էդ ընդդիմադիրները քվեարկեն ՔՊ-ի օգտին», - հավելեց Իոաննիսյանը։

Ավագանու վրա ճնշումը հանցագործություն է, հայտարարում է օրենսդրական փաթեթի հեղինակներից Վահագն Հովակիմյանը։ Իշխանական պատգամավորը չի ընդունում, թե նոր փոփոխության նպատակը, համայնքներում, այսպես ասած, քաղաքական առևտրի հնարավորություն ստեղծելն է. - «Այսինքն՝ ամբողջ էդ քաղաքական ուժերի բանակցությունները, քաղաքական ուժերի միավորվելը և այլն, և այլն ձեր համար դառնում ա քաղաքական առևտուր։ Գուցե դուք դրա մեջ բացասական բան եք տեսնում, բայց ես կարծում եմ, որ եթե մենք ուզում ենք, որ մեր քաղաքական դաշտը զարգանա, ապա կուսակցությունների հնարավոր կոալիցիաները, հնարավոր երկխոսությունները պիտի հնարավոր դարձվի»։

Վահագն Հովակիմյան

Իշխանականները փոփոխությունների փաթեթով նաև նախատեսում են հանել ընտրություններին շրջիկ քվեատուփեր տեղափոխության հնարավորությունը բժշկական հաստատություններ, որտեղ ստացիոնար բուժում են ստանում ընտրողները։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի ներկայացուցիչ Մուշեղ Հովսեփյանը համարում է, որ իշխանականների այս առաջարկը հակասում է հաշմանդամություն ունեցող անձնանց իրավուքներին. - «Քվեարկության գաղտնիության իրավունքը ապահովելու հավելյալ երաշխիքների անհրաժեշտություն կա, բայց դա չի ենթադրում, որ մենք պետք է հրաժարվենք այդ համակարգից։ Որովհետև, կներեք, ընտրատեղամասում ևս քվեարկության գաղտնիության նույնքան ռիսկեր կան, որքան շրջիկ արկղի քվեարկության դեպքում»։

Օրենսդրական բարեփոխումների փաթեթը դեռ պետք է ընդունվի Ազգային ժողովի կողմից։ Իշխող «Քաղաքացիական պայմանագրից» խոստանում են՝ մինչ այդ կդիտարկեն հասարակական կազմակերպությունների ու քաղաքական ուժերի առաջարկությունները։