ՄԱԿ-ի տվյալներով՝ շուրջ 2,5 միլիոն ուկրաինացիներ հատել են Լեհաստանի սահմանը, հետո վերադարձել Ուկրաինա։ Իրինա Մարտինենկոն, նրանցից մեկն է։ Նա վերադարձել է իր հայրենի Սումի քաղաք՝ օգնելու վերակառուցել այն։
Ուկրաինայի հյուսիս-արևելյան Սումի քաղաքի բնակիչ Իրինա Մարտինենկոն վերջին մեկ ամսում կրակել է սովորել, ինչպես նաև՝ առաջին օգնություն ցուցաբերել:
Նախքան պատերազմը Իրինան աշխատում էր զբոսաշրջության ոլորտում, նավակներ և թիեր էր վարձով տալիս, օգնում էր մարդկանց պլանավորել իրենց արձակուրդը։ Քանի որ Սումիում սա սեզոնային աշխատանք է, 2021-ի դեկտեմբերին Մարտինենկոն գումար վաստակելու նպատակով Լեհաստան էր մեկնել։ Նա այնտեղ էր, երբ տեղեկացավ, որ Ռուսաստանը ներխուժել է իր հայրենի Ուկրաինա:
«Ոչ ոք չէր կարողնում աշխատել կամ որևէ այլ բան անել։ Բոլորը նայում էին իրենց հեռախոսներին, կարդում էին լուրերն ու լացում», - պատմում է Իրինան։
Պատերազմի հենց առաջին օրը Մարտինենկոն ցանկանում էր վերադառնալ հայրենի Սումի, բայց ընկերները նրան տեղեկացրին, որ քաղաքը շրջափակված է, վերադառնալն անհնար է։
«Ես հասկացա, որ այստեղից ինչ-որ բան պետք է անել: Մենք սկսեցինք մտածել, թե ինչ կարող ենք անել՝ Սումիին օգնելու համար», - հավելում է Իրինա Մարտինենկոն։
Վարշավայում ապրող Սումիի այլ բնակիչների հետ Մարտինենկոն սկսեց դեղորայք, սննդամթերք և հագուստ հավաքել իր համաքաղաքացիների համար, իսկ ապրիլին, այնուամենայնիվ, որոշեց տուն վերադառնալ։
«Ես որոշեցի, որ տուն վերադառնալու ժամանակն է, հատկապես, երբ ընտանիքս, բոլոր հարազատներս՝ ծնողներս, եղբայրս, նրանք բոլորը Ուկրաինայում էին: Նաև շունս՝ Տուսյան, որն անհամբեր սպասում էր ինձ», - ասում է Մարտինենկոն։
Իրինան Սումի վերադարձավ նոր՝ «Բարի երեկո, մենք Ուկրաինայից ենք» դաջվածքով։ Հենց այս խոսքով է Նիկոլաևի շրջանի նահանգապետ Վիտալի Կիմը բացում իր հայտնի տեսաուղերձները։ Այս բառերը այժմ դարձել են ուկրաինացիների խիզախության ու միասնության խորհրդանիշը։
«Երբ Վարշավայում էի, նման շապիկ գնելու հնարավորություն չունեի, դրա համար այս դաջվածքն արեցի։ Եվ հիմա այս շապիկը երբեք չեմ կարող հանել վրայցիս։ Հիմա բոլորովին այլ զգացողություն է, առաջվանը չէ։ Քաղաքն այլ կյանքով է ապրում՝ օդային տագնապի ազդանշանների և հրետակոծությունների ներքո: Բոլորի համար է սարսափելի, բայց սա իմ տունն է, այստեղ է իմ կյանքը», - ասում է Մարտինենկոն։
Իրինա Մարտինենկոն պատրաստվում է զբոսաշրջության ոլորտ վերադառնալ, երբ պատերազմն ավարտվի։ Նա նաև երազում է մանկապարտեզ հիմնելու և լանդշաֆտային դիզայնով զբաղվելու մասին, որպեսզի իր տունն ու այգին նույնքան գեղեցիկ և կանաչ տեսք ունենան, որքան նախկինում: