«Ես որտե՞ղ պիտի գնամ ապրեմ... չոլո՞ւմ». Արցախից տեղահանված կին

Արցախից տեղահանված Ռիմա Գրիգորյանը զրուցում է «Ազատության» լրագրողի հետ։

44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված և Երևանում արդեն ավելի քան մեկ տարի ժամականավոր կացարանում ապրող Ռիմա Գրիգորյանը մտահոգված է, որ կարող է կրկին փողոցում հայտնվել։

«Ես որտե՞ղ պիտի գնամ ապրեմ... չոլո՞ւմ։ Պիտի մի անկյուն լինի՞», - ասում է նա։

Արցախցի կինը Նոր Նորքի այգիների հարակից հատվածի շինություններից մեկում է ապրում, հիմա տարածքն ու շենքը սեփականաշնորհվել են. - «Դե սոցապը ասաց ապրեցեք, մինչև ձեր հախ ու հաշիվը տեսնենք ոնց են լուծում, պետությունը ինչ կհատուցի ձեզ։ Հիմա շենքը սեփականաշնորհված ա, ժողովուրդին հավաստագիր են տվել, որ պիտի փոխհատուցումը տան։ Թե էդ էլ երբ կլինի, չենք իմանում»։

Տեղահանված արցախցիների համար պետական աջակցության միակ տարբերակն այսօր բնակարանի ձեռք բերման հիփոթեքային ծրագրին է, որը դեռ ընդամենը թղթաբանության փուլում է, այսինքն՝ դիմումներն են ընդունում։ Տվյալները դեռ պետք է համադրեն Արցախից ստացված շահառուների ցուցակի հետ, և նոր միայն ծրագիրը կգործարկվի։ Եթե նույնիսկ հիմա արցախցիները հավաստագրեր են ստանում նախարարությունից, դա դեռ չի նշանակում, որ կարող են միանգամից բնակարան գնել։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղյակ են, որ որոշ արցախցիներ իրոք դրսում հայտվելու վտանգի առջև են կանգնած։ Մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը վստահեցրեց, թե այդ մարդկանց հարցն առաջնահերթ է. - «Էս խումբ քաղաքացիները արդեն հաստատված է, որ շահառու են։ Ինչ վերաբերում է փոխհատուցում ստանալուն, իրենք առձեռն մեզնից փոխհատուցում չեն ստանալու։ Իրենք պիտի դիմեն բանկ, էս պահին համագործակցող բանկերից Հայբիզնեսբանկ, ձևակերպվի իրենց հիպոթեկը, հիպոթեկի մարումը արդեն կիրականացնի պետությունը»։

Մեր զրույցը տիկին Ռիմաայի հետ երկար չտևեց, տարածքի սեփականատերը նկարահանելու թույլտվություն չտվեց։

Քաշաթաղ-Լաչինում տուն-տեղ, այգի-անասուն կորցրած տարեց կինը մտահոգ է, որ մինչև բանկն ընդունի հավաստագիրը, սեփականատերը իրենց ցույց կտա դռան տեղը. - «Սեփականատերը գալիս ա, ասում ա տարածքը պիտի ազատեք»։

Կարինե Անտոնյան

Հարակից շենքում գտնվող Մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի սենյակներից մեկում խնամքով իր 6 երեխաների նկարներն է պատերին փակցրել 41-ամյա Կարինե Անտոնյանը։ Նա էլ Լաչինում տուն-տեղը կորցնելուց հետո իր մեծ ընտանիքով տեղափոխվել է Երևան, ու թեև այստեղ նրանց չեն ստիպում հավաքել իրերը, կինն ամեն օր արթնանում է մեկ հարցով՝ ինչքա՞ն պետք է ապրի ուրիշի հաշվին. - «Ոչ մեկին տուն չեն առել։ Հլը զոհվածներին չեն տեղավորել, որ մենք սաղս համաձայն ենք միաձայն, որ դեմից զոհվածներին, հետո մենք»։

Արցախից տեղահանված այս բազմազավակ ընտանիքի փոքրիկը՝ Վրեժը Երևանում է ծնվել։ Կարինեն հիշում է, թե ինչ դժվարությամբ՝ «գազելում» քնելով, հասցեներ փոխելով, ի վերջո, տեղավորվեցին այս անկյունում։

Երեխաներն արդեն ընտելացել են նոր քաղաքին. ասում է՝ դժվար կլինի նորից դպրոց, մանկապարտեզ, միջավայր փոխել, եթե պետական աջակցությամբ չստացվի մայրաքաղաքում հիմնավորվել. - «Աղջիկս հեսա չորրորդ դասարան ա փոխվում։ Էնտեղ պատերազմի դարդա ոչ առաջին, ոչ երկրորդ դասարան կարգին արեց, ստեղ արդեն առաջադիմում ա։ Դասատուներն էլ հասցրին էնքան, որ էրեխեն հասնի չորրորդ դասարան»։

Կեցության ծախսերը շատ են, պետական աջակցություն այլևս չկա։ Անչափահաս երեխաների 80 հազար դրամ նպաստով ապրող բազմանդամ ընտանիքում փորձում են մի կողմ դնել Լաչինում ունեցածն ու կորցրածը, սակայն հիշողությունները խանգարում են առաջ գնալ. - «Արել եմ, անում եմ... ես չեմ սիրում, որ ինձ պահեն»

Հայաստանի միգրացիոն ծառայության տվյալներով, 44-օրյա պատերազմից հետո 95 հազար արցախցի է տեղափոխվել Հայաստան, 88 տոկոսը՝ կանայք ու երեխաներ։

Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից փոխանցում են, որ հունիսի 1-ի դրությամբ Հայաստանում ապրում է Արցախից տեղահանված 5 հազար 209 ընտանիք կամ 20 հազար 16 անձ։