Լեհաստանի իշխող ուժի առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին թողնում է փոխվարչապետի, ինչպես նաև Ազգային անվտանգության և պաշտպանության կոմիտեի ղեկավարի պաշտոնները։ Նրան այդ պաշտոններում կփոխարինի երկրի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։
Լեհական լրատվամիջոցների հետ զրույցում «Իրավունք և արդարություն» կուսակցության առաջնորդն ասել է, որ մտադիր է այսուհետ կենտրոնանալ բացառապես կուսակցական գործունեության և առաջիկա խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու աշխատանքների վրա։
Յարոսլավ Կաչինսկին Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Կաչինսկու երկվորյակ եղբայրն է, որը մահացել է 2010 թվականի գարնանը Սմոլենսկի մոտ տեղի ունեցած ավիավթարում։
Լեհաստանի ամենաազդեցիկ քաղաքական գործիչը համարվող Յարոսլավ Կաչինսկին իշխող կուսակցությունը ղեկավարում է 2003 թվականից, 2006-2007 թվականներին զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը։ Նրա առաջնորդած ուժը վերջին երկու ընտրություններում անընդմեջ հաղթանակ է տարել: