Կասեցված լիազորություններով Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած աղմկահարույց ձայնագրությունը, որտեղ ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանը, ըստ Վարդազարյանի, իրեն համոզել է հրաժարական տալ, Գլխավոր դատախազությունն ուղարկվել է Քննչական կոմիտե։
«Քրեադատավարական կարգով դրանում նշվող հանգամանքները պարզելու նպատակով՝ նկատի ունենալով, որ այնտեղ խոսքը գնում էր քրեական վարույթի ապօրինի միջամտության առերևույթ դրսևորումների», - հայտնեցին դատախազությունից:
Ռուբեն Վարդազարյանն այսօր ասուլիսում հայտարարել էր, թե ապացույց ունի, որ իր դեմ կատարվող բոլոր գործողությունները քաղաքական որոշման արդյունք են։ Որպես ապացույց նա հրապարակել էր իր, իրենից հետո ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի զրույցի գաղտնի 14 րոպեանոց ձայնագրությունը։ Զրույցն, ըստ Վարդազարյանի, տեղի էր ունեցել անցած տարվա փետրվարի 20-ին։ Այստեղ լսվում է՝ ինչպես է կողմերից մեկը մյուսին ասում՝ «հեռանալու դիմաց քրեական գործեր չեն հարուցվի»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցվել ենՁայնագրությունը հրապարակելուց հետո Վարդազարյանը պարզաբանեց, որ իրեն առաջարկվել է ԲԴԽ նախագահի պաշտոնից հրաժարական տալ։ Նրա խոսքով՝ իրեն ժամանակ էր տրված մինչև 2021 թվականի մարտի 1-ը։ Վարդազարյանի լիազորությունները պաշտոնապես կասեցվել էին անցած տարվա ապրիլի 15-ին, պատճառը արդարադատությանը խոչընդոտելու հոդվածով նրա դեմ հարուցված քրեական գործն էր։
Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունում լսվում է, թե ինչպես, ենթադրաբար, Գագիկ Ջհանգիրյանն ասում է, որ մինչև մարտի 1-ը Վարդազարյանի դեմ քրեական գործ չի հարուցվի, եթե նա հրաժարական տա։ Հակառակ դեպքում՝ Ջհանգիրյանը «ոչինչ չի կարող երաշխավորել»։
«- Ես էլ ասում եմ՝ էդ սաղ մոռացի, դիր էն կողմ, դու էրեխեք ունես, տուն ունես, ես քեզ էդ եմ ասում: Հետո քեզ ի՞նչ ենք անում, հո չե՞ն տանում կախեն, էն որ ես հմի էկել եմ ըտե նստել եմ կախվա՞ծ եմ: Էն ժամկետը, որ դու ասել ես, դրանից հետո Ստեփանն էլ վկա ա, ես չեմ կարա կանգնացնեմ, ես ամեն ինչ տեսել եմ: - Բայց նման ա էլի սպառնալիքի: - Դե որ դու իմ ասածը տենց ես ընդունում, Ռուբիկ ջան, ես ոչ մի բան չեմ կարա: - Չեմ ուզում վատ բաներ լինի», - լսում ենք ձայնագրությունում:
Աղմկահարույց այս ձայնագրության հրապարակումից հետո Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարեց, թե նախագահի պաշտոնակատարը հացի սեղանի շուրջ տեղի ունեցած մասնավոր զրույցի մանրամասները չի մեկնաբանում և ձայնագրությունը կատարվել է առանց պարոն Գագիկ Ջհանգիրյանի իմացության: Ինքը՝ Ջհանգիրյանը, «Ազատության» զանգին ի պատասխան, ասաց՝ առայժմ ասելու բան չունի:
«Մեր կայքում հայտարարությունը դրել ենք, նայեք մեր կայքը, ուրիշ բան առայժ չունեմ ասելու», - ասաց Ջհանգիրյանը:
Դատախազությունից տեղեկացնում են, որ հանձնարարվել է ապահովել ստուգվող դրվագին առնչվող բոլոր հանգամանքների պատշաճ հրապարակայնությունը. - «Այն քրեական գործը, որով պարոն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել, դրանով վարույթ իրականացնում էր մի քննիչ նախկին Հատուկ քննչական ծառայության, որը ներկայումս աշխատում է Հակակոռուպցիոն կոմիտեում, իսկ մյուս կողմից հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ քրեական գործը հարուցվել էր ներկայիս ԱԱԾ փոխտնօրենի ներկայացրած հաղորդման հիմա վրա, ուղարկվել է Քննչական կոմիտե օբյեկտիվ, լրիվ բազմակողմանի քննություն իրականացնելու նպատակով»:
Ռուբեն Վարդազարյանը իր լիազորությունների կասեցումից մեկ տարի առաջ, երբ 2020 թվականի նոյեմբերին դատարանները քննում էին ընդդիմադիր մի շարք գործիչների կալանավորման հարցը, օգտագործելով վարչապետ Փաշինյանի արտահայտությունը, կոչով դիմել էր դատավորներին՝ ասելով՝ «այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»։
ԲԴԽ նախագահի այս հայտարարությունից հետո դատավորները ձերբակալությունից ազատ էին արձակել քրեական գործերով անցնող մի շարք ընդդիմադիրների: