Իսրայելում կորոնավիրուսի հերթական ալիքն է բռնկվել

Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտարարել է երկրում COVID-19-ի յոթերորդ ալիքի մեկնարկի մասին, հիվանդանոցներում վերաբացվում են կորոնավիրուսային բաժանմունքները, և չի բացառվում կարանտինային միջոցառումների խստացումը, գրում են իսրայելական լրատվամիջոցները։

Առողջապահության նախարարության տվյալներով` այս պահի դրությամբ վարակված է գրեթե 47 հազար հոգի, 572-ը հոսպիտալացված են, մյուսները բուժվում են տնային պայմաններում։

Ընդհանուր առմամբ, աշխարհում համաճարակի սկզբից ի վեր Իսրայելում հայտնաբերվել է վարակի ավելի քան 4,2 միլիոն դեպք, որոնցից 10 հազար 800-ը մահացել են։

Առողջապահության նախարարությունը դեռևս չի պնդում տարածքներում և հասարակական տրանսպորտում դիմակների ռեժիմի վերադարձը, սակայն խորհուրդ է տալիս բնակիչներին դիմակ կրել։ Դիմակ կրելը պարտադիր է հիվանդանոցներում, կլինիկաներում և դեղատներում, այն հաստատություններում, որտեղ գտնվում են տարեցները։