Շիրակի մարզում 11 500 գլուխ անասուն հարկադիր մորթի է ենթարկվել կամ էժան վաճառվել

Շիրակի մարզի Մուսայելյան գյուղի բնակիչ Հայկ Հարությունյանը անցած տարեվերջին զրկվեց իր 20 խոշոր եղջերավոր անասունների կեսից:

«Անասունիս մոտ 50 տոկոսը հարկադիր մորթի ենք ենթարկել, որովհետև խոտ չկար», - ասաց Հարությունյանը:

Անասնակեր խոտի պակասուրդի ու բարձր գների պատճառով գյուղատնտեսը ստիպված էր վաճառել կամ մորթել անասունների մի մասին. - «Մոտ 700-800 հազարի ամեն տարի խոտ ենք առնում, որ կարողանանք անասունը պահենք, բայց անցած տարի միլիոնուկես, երկու միլիոն, որտեղի՞ց: Վարկերի տակ ենք, վարկը վերցնում ենք, խոտը առնում ենք, էս ամառվա կաթ է, անասուն է, ինչ-որ կա ծախում ենք, վարկն ենք փակում, նորից էլի նույն բանը»:

Էժան գնով անասուն ձեռք բերելու համար Մուսայելյան հասել էին Արմավիրի մարզից: «Թանկ պահում ենք՝ էժան կորցնում», - ասում է Հարությունյանը, ով ծնողների հետ անասնապահությամբ զբաղվելու համար հայրենի գյուղ է վերադարձել մի քանի տարի Ռուսաստանում ապրելուց հետո։

«Հոկտեմբերյանի կողմից ժողովուրդը գալիս են ստեղ, անասուններ են առնում, էժան, ստիպված տվել ես: Մի կովը եղել ա, որ ես ծախել եմ 100 հազարի, 90 հազարի, ստիպված, բայց էդ կովի իրական արժեք արժե 500 հազար», - ասաց նա:

Կառավարությանն առաջարկ ունի, որ կօգնի գյուղացուն՝ նման իրավիճակներում անասունին գոնե էժան չկորցնեն. - «Օրինակ՝ եթե սպանդանոցները պետական կայուն գին պետությունը որոշի, գյուղացու համար ավելի ձեռք կտա, տանի սպանդանոց հանձնի, քան թե, որ անհատական գալիս են գյուղերից առնում են: Եթե գալիս են անհատական առնում են, սենց ավելի էժան է»:

Կորցրած 10 գլուխ անասունը վերականգնելու համար առնվազան 3-6 տարի է պետք, ասում է գյուղատնտեսը: Պահած անասունից եկամուտ ապահովում է կաթը, որի գինն այս տարի բարձրացել է.​ - «Մթերում ենք 190-ով, իսկ անցած տարի մթերել ենք 150 դրամով, 40 դրամի տարբերություն եղել է: Անասուն չկա, էս տարի կաթը շատ քիչ ա»:

Չգազաֆիկացված համայնքում խոշոր եղջերավոր կենդանիներից մյուս օգուտը աթարի օգտագործումն է՝ որպես անվճար վառելիք։

400 բնակիչ ունեցող Մուսայելյան գյուղում միակ զբաղմունքը անասնապահությունն է: Խոշորացումից հետո Մուսայելյանը ընդգրկվել է Աշոցք համայնքի կազմում: Վարչական ղեկավար Կարեն Վարդանյանն ասում է, որ միայն իրենց փոքր գյուղում անասնագլխաքանակը 300-ով պակասել է:

«1500-ին մոտ անցած տարի՝ 21-ի հունվարին են ունեցել անասուն, 1160-ի կարգի՝ այս տարի՝ 22-ի հունվարին: 353 գլուխը պարտադիր չէր, որ պարտադիր չէր, որ պարտադիր մորթով լիներ, խոտի բացակայության պատճառով, բնական է, այնտեղ կային ցլիկներ, որոնք ենթակա էին վաճառքի, էդ ցլիկներն էլ գումարեն-հանենք, մոտ 300 գլուխ հաստատ հարկադիր մորթի ենթարկվեց», - ներկայացրեց Վարդանյանը:

Վարչական ղեկավարն էլ է անասնապահությամբ զբաղվում ու ինքն էլ է ստիպված եղել կրճատել գլխաքանակը. - «Հարկադիր մորթի՝ չէ, բայց հարկադիր վաճառքի՝ այո, մոտ 7 գլուխ կով ենք վաճառել անցած տարի ու կաթնատու կովեր էլի»:

Ամբողջ մարզում խոշոր եղջերավոր կենդանիների անասնագլխաքանակն անցած տարի կրճատվել է 11500-ով, ասում է մարզպետարանի գյուղվարչության պետ Ռոման Համայակյանը: Փոխարենը ոչխարաբուծությունն է զարգանում՝ ավելի հեշտ է պահվում:

«Խոշոր եղջերավերնեն ավելի երկար ժամանակ են պահվում, իսկ ոչխարների դեպքում այդ խնդիրը որոշակի առումով լուծված է: Հենց դրանով պայմանավորված գյուղացիական տնտեսությունները խոշոր եղջերավերները պակասեցնելով ավելացրել են մանր եղջերավորների գլխաքանակը»:

Ոչխարի մսի պահանջարկ կա արաբական երկրներում ուր և արտահանվում է: Պահանջարկով պայմանավորված նաև գինն է բարձր: Իսկ գյուղատնտես Հայկ Հարությունյանն արդեն սկսել է խոտ քաղել ու պահեստավորել՝ աչքը վախեցել է, թե նախորդ տարվա պատմությունը չկրկնվի: