Ահաբեկչական հարձակում Քաբուլում

Առնվազն երկու մարդ է զոհվել այսօր վաղ առավոտյան Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով։

Զինված անձանց մի խումբ առավոտյան ժամը 6-ի սահմաններին հարձակվել է Քաբուլի սիկխական համայնքին պատկանող միակ տաճարի վրա։ Այդ պահին, որոշ տեղեկությունների համաձայն, տաճարի տարածքում մի քանի տասնյակ մարդ է գտնվել։

Տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ «Թալիբան» շարժման անվտանգության ուժերը արագորեն շրջապատել են տարածքը, ինչից հետո ահաբեկիչների և նրանց միջև փոխհրաձգություն է սկսվել, ականատեսների վկայությամբ նաև պայթյուններ են հնչել։

«Թալիբանի» պաշտոնական ներկայացուցիչների պնդմամբ՝ փոխհրաձգության հետևանքով բոլոր հարձակվողները ոչնչացվել են։

Սիկխերը Հնդկաստանի Փենջաբ նահանգից սերող կրոնական փոքրամասնություն են, որոնց ներկայացուցիչները մեծ մասը Աֆղանստանի տարածքը լքել է թալիբների կողմից Քաբուլի գրավումից հետո։ Չնայած դրան, որոշ տեղեկությունների համաձայն, սիկխական մի քանի տասնյակ ընտանիքներ շարունակում են բնակվել Աֆղանստանում։