Հուլիսի 10-ից 17 կանցկացվի «Ոսկե Ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը

Հուլիսի 10-ից 17 կանցկացվի «Ոսկե Ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը, որի ղեկավարները փառատոնին ընդառաջ առաջին ասուլիսին հանգամանալիորեն ներկայացրեցին փառատոնի ծրագրված ընթացքը։

Այս տարի ևս փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում։ Փառատոնի բացմանը կներկայացվի Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը։ Իսկ փառատոնի ընթացքում կներկայացվեն շուրջ 100 ֆիլմեր տարբեր ծրագրերի շրջանակներում։ Այդ ֆիլմերի շարքում են տարբեր հեղինակավոր միջազգային կինոփառատոնների մասնակցած ֆիլմեր, որոնք կներկայացվեն «Երևանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակներում։

Այս տարի փառատոնի միջազգային մրցույթի ժյուրիի նախագահն է օսկարակիր սցենարիստ, ռեժիսոր Թերրի Ջորջը։ Փառատոնին կմասնակցեն համաշխարհային կինոյի մի շարք անվանի գործիչներ, պատվավոր հյուրեր։ Փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա կրկին Արամ Խաչատրյան համերգասրահում, որտեղ էլ որպես փառատոնի փակման ֆիլմ կցուցադրվի Գարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետություն» ֆիլմը։

«Այսպիսի փառատոն վաղուց չէինք ունեցել, այսքան լավ ֆիլմեր, այսպիսի լավ, բարձրագույն կարգի ռեժիսորներ, այսպիսի լավ պրոդյուսերներ և այսպիսի մեծ ու լուրջ ծրագիր: Կարծում եմ, որ փառատոնի սկիզբը դրված է, շարունակությունը կլինի տարվա վերջ, այսինքն՝ մինչև մյուս փառատոն», - ասաց «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը:

Կինոփառատոնը անց է կացվում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Այսօր ասուլիսին ներկա ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը իր խոսքը սկսեց շնորհավորանքով. «Շնորհավորում եմ բոլորիս մեր մշակութային կյանքի ամենանշանակալի իրադարձություններից մեկի բացման կապակցությամբ, հույս ունեմ, որ «Ոսկե ծիրանը» մեր անցած համավարակի և այլ սահմանափակումները աստիճանաբար հաղթահարելով կվերականգնի իր երբեմնի ծավալները: Դրա համար կան բոլոր նախադրյալները. այս տարվա ընթացքում կարողացել ենք ապահովել մեր ներկայությունը միջազգային բարձրակարգ ամենահեղինակավոր հարթակներում»:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանն էլ ընդգծեց. - «Մեր միասնությունը խոսում է ընդամենը մի, բայց շատ կարևոր բանի մասին, որ բոլորս էլ ունենք միահամուռ գիտակցություն, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնն ավելին է, քան մենք, այսինքն արդեն վաղուց չի պատկանում որևէ ինստիտուցիային կամ անձին, անձանց, այլ անկախությունից ի վեր եզակի մշակութային իրադարձություններից մեկն է, որը և՛ մեզնից առաջ, և՛ մեր օրոք, և՛ մեզնից հետո պետք է անսակարկելի մշակութային արժեք ու ձեռքբերում մնա Հայաստանի համար»:

Ի՞նչ ակնկալիքներ ունեն փառատոնի հիմնադիրներն ու կազմակերպիչները։ Փառատոնի հիմնադիրներից կինոգետ Սուսաննա Հարությունյանը նշեց. «Ամենամեծ ակնկալիքն այն է, որ մենք վերադառնում ենք մեր ձևաչափին, մեր նշաձողերին, ու բոլոր պայմանները կան՝ արդեն հայտարարված հյուրերով, ծրագրով, որ մեր երիտասարդ թիմի հետ միասին մենք էս ընթացքը կշարունակենք ու «Ոսկե ծիրանը» ինչպես կայացել է, այնպես էլ շարունակելու է լինել Հայաստանի բրենդը»: