Ամերիկացի Ֆիլ և Քրիստի Գրեյվզները մանկական ուղեղային կաթվածով տառապող փոքրիկ Էլիանային Հայաստանից որդեգրելուց հետո, նախքան Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումը ևս մեկ հատուկ կարիքներով երեխա են որդեգրել՝ այս անգամ Ուկրաինայից։
Ուկրաինացի աղջնակին իր նոր՝ ամերիկյան ընտանիքում Բրիջիթ կամ Բրիզի են կոչել։ Բրիզին ծնվել էր 25 շաբաթականում՝ փոխնակ մորից։ Կենսաբանական ծնողները հրաժարվել էին երեխայից։ Աղջիկը մանկական ուղեղային կաթված ու շարժողական խնդիրներ ունի, չի քայլում։ Մերիլենդում ապրող ամուսնական զույգն արդեն երեք երեխա ուներ, երբ տարիներ առաջ որդեգրեց հայաստանցի փոքրիկ Էլիանային։ Էլիանան էլ Բրիզիի նման մանկական ուղեղային կաթված ունի։
Չնայած մեծ ընտանիքի հոգսերին՝ Ֆիլն ու Քրիստին 2021-ի հունվարին մեկ այլ փոքրիկի որդեգրելու որոշումը շատ արագ կայացրին։ Ինչպես ազգությամբ հայ Էլիանայի դեպքում, ամերիկացի զույգը Բրիջիթի լուսանկարը տեսել էր խնամատարության և որդեգրման միջազգային կայքում։ Միակ հարցը, որ զույգն ուներ, այն էր, թե ինչպես են վճարելու մեկ այլ երեխայի որդեգրման համար:
«Ես մտա Ֆեյսբուք և գրեցի, որ մենք պատրաստվում ենք որդեգրել երեխային, բայց գործընթացը սկսելու համար մեզ անհրաժեշտ է 8 հազար դոլար հավաքել: Մեկ շաբաթվա ընթացքում մենք գտանք այդ գումարը», - պատմում է Բրիջիթի որդեգրող հայրը՝ Ֆիլ Գրեյվզը։
Ի վերջո Ֆիլն ու Քրիստին 40 հազար դոլար հավաքեցին ու փետրվարի վերջին պատրաստվում էին Բրիջիթին Ուկրաինայից Միացյալ Նահանգներ տեղափոխել, բայց ռուս-ուկրաինական հակամարտությունը խառնեց նրանց ծրագրերը։
«Շատ բան չէինք կարող անել, միայն՝ սպասել։ Ապրիլի կեսերին, սակայն, Մարինայից լուր ստացանք և իմացանք, որ դատավորը կքննի մեր գործը», - ասում է Բրիջիթի որդեգրող հայրը՝ Ֆիլ Գրեյվզը։
Ֆիլն ու Քրիստին անմիջապես տոմս ամրագրեցին ու մեկնեցին Ուկրաինա։
«Ինչպե՞ս բացատրեմ։ Երբ ծնող ես և երեխադ դժվարին իրավիճակում է, դու պարզապես անում ես այն, ինչ պետք է անես», - պատմում է Ֆիլ Գրեյվզը։
Ամուսինները նախ մեկնեցին Կիև, այնուհետև ուղևորվեցին Զապորոժիե՝ որդեգրման լսումներին մասնակցելու համար, ինչից հետո միայն հանդիպեցին Բրիջիթին, ում անվտանգության նկատառումներով տարհանել էին Լվով։
«Երբ մենք հասանք Լեհաստան, որտեղ անվտանգ էր, ես վերջապես շունչ քաշեցի… Կարծես Աստված մեզ առաջնորդեր այդ դժվարին իրավիճակում...», - ասում է Քրիստի Գրեյվզը։
Բրիզիի նոր ընտանիքը, չնայած դժվարություններին, շատ երջանիկ է։ Աղջնակի հետ դեռ Google Translate-ով են շփվում, ու բոլորն այժմ նոր լեզու են սովորում: Ֆիլն ու Քրիստին պատրաստվում են հատուկ ակնոց գնել Բրիզիի համար և ամեն ինչ անել, որ նա ոտքի կանգնի։
«Մենք պատրաստվում ենք նրա ոտքի վիրահատությանը առաջիկա օգոստոսին: Բժիշկը գրեթե վստահ է, որ նա կքայլի», - ասում է Քրիստի Գրեյվզը։
«Ծանոթներս ինձ հարցնում են՝ «Ինչպե՞ս է Բրիզին», իսկ ես պատասխանում եմ՝ «նա իրեն զգում է, ինչպես ձուկը ջրում»: Նրան իսկապես պայծառ ապագա է սպասում», - հավելում է Ֆիլ Գրեյվզը՝ Բրիջիթի որդեգրող հայրը։