Սև խոռոչներից մինչև մարդու ուղեղի հնարավորություններ. սեպտեմբերին Հայաստանը կհյուրընկալի «Ստարմուս» փառատոնը

Ե՞րբ է վերջանալու ժամանակը, ի՞նչ է նշանակում լինել բաց տիեզերքում, կամ ինչպե՞ս է մեր ուղեղն ընկալում երաժշտությունը... Սեպտեմբերի սկզբին Հայաստանը կհյուրընկալի մոտ 5 տասնյակ հայտնի գիտնականների, նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների և երաժիշտների, որ կխոսեն այն ամենից, ինչի վրա աշխատում են, կկիսվեն իրենց փորձով, կնվագեն ու շատ պարզ ու մատչելի կպատմեն ֆանտաստիկ թվացող գիտական նվաճումների մասին:

Հայաստանը հյուրընկալելու է 6-րդ անգամ անցկացվող «Ստարմուս» փառատոնը: 2011 թվականից ի վեր երկու տարին մեկ անգամ անցկացնող այս փառատոնը մինչ այս Իսպանիայում, Նորվեգիայում և Շվեյցարիայում է հավաքել ժամանակակից գիտական միտքն ու տաղանդավոր արվեստագետներին, իսկ այս տարի սեպտեմբերի 5-10 -ը նրանք առաջին անգամ կլինեն Հայաստանում:

Փառատոնը դեռ անցած տարի պետք է կայանար, բայց քովիդը խանգարեց: Հիմնադիրներից աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանն ասում է՝ թեմաները շատ բազմազան են՝ Մարս մոլորակից մինչև սև խոռոչներ, լարերի տեսությունից մինչև մարդու ուղեղի հնարավորություններ:

«Շատ հետաքրքիր կլինի աստղագնաց Քրիս Հաթֆիլդի դասախոսությունը, ինքը պատմելու է բաց տիեզերք դուրս գալու մասին: Նոբելյան մրցանակակիրը պատմելու է դասախոսություն ուղեղի մասին, որը վերնագրված է՝ «Երաժշտությունը և ուղեղը», ինչպես ենք մենք ընկալում երաժշտությունը», - ասաց Իսրայելյանը:

Տիեզերքն ու երաժշտությունը ավելի մոտ են մարդկանց սրտերին, այդ պատճառով «Ստարմուս» փառատոնը հենց այս երկու թեմաների վրա է կենտրոնանում: Այս անգամ փառատոնը նվիրված է Մարսի վրա «Մարս 3» տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Ուշագրավ է, որ դրանով մարս է հասել նաև հայազգի անվանի ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի մարսագնացը: Քեմուրջյանի մասին ևս առանձին անդրադարձ կլինի փառատոնի ընթացքում:

Դասախոսություններից ու քննարկումներից բացի կլինի գիտության ճամբար ազատության հրապարակում, տիեզերքի և տիեզերական տեխնոլոգիաների մասին կոնֆերանս, որին կմասնակցի նաև Հայաստանի առաջին արբանյակն արտադրած «Սատլանտիս» ընկերությունը, նաև Star Party Գառնիում՝ որտեղ բազմաթիվ աստղադիտակներ կտեղադրվեն հյուրերի և տեղացի մասնակիցների հետ ողջ գիշեր աստղերին հետևելու համար: Երկնակամարում աստղերին հետևելուց բացի փառատոնի մասնակցիները նաև աստղային հյուրերի ելույթները կվայելեն՝ Հայաստանում են լինելու Queen լեգենդար կիթառահար Բրայան Մեյը, Հայտնի դադշնակահար Ռիք ՎԵյքմենը, ռուսական ռոքի լեգենդներից Անդրեյ Մակարևիչը, կոմպոզիտոր ու դաշնակահար Տիգրան Համասյանը, ռոք երաժիշտներ Սերժ Թանկյանը, Դերեկ Շիրինյանը:

Գարիկ Իսրայելյանն ասում է այս ամենի նպատակը արվեստի ու երաժշտության համադրությամբ գիտությունը հանրայնացնելն է հատկապես երիտասարդության շրջանում, որ հայ պատանին ու երիտասարդն իրեն զգա մոլորակի մարդ, և լայն հորիզոններով մտածի:

«Ես շատ ուզում եմ, որ մեր աստղագնացները, մեր Նոբելյան մրցանակակիրները գան դպրոցներ, խոսեն, ոգեշնչեն, ասեն՝ գիտեք՝ Հայաստանից դուրս կա գլոբալ աշխարհ, որ մի հատ մոլորակ է, որտեղ ոչ միայն Հայաստանն է, այլ ընդհանրապես մոլորակն է, դուք այդ մոլորակին եք պետք, ոչ միայն ձեր երկրին», - ընդգծեց Իսրայելյանը:

Նման փառատոն ստեղծելու ճանապարհը տևել է ութ տարի և ինչպես գիտական շատ հայտնագործություններ՝ ծնվել է լրիվ այլ բանից: Գարիկ Իսրայելյանը գիտաֆանտաստիկ ֆիլմ նկարելու իր գաղափարն ու կարճ սցենարը դեռ 1990 ականների վերջին ներկայացրել է «Քուինի» լեգենդառ ռոք խմբի կիթառահար ու նաև աստղաֆիզիկոս Բրայան Մեյին: Սցենարի առիթով սկսված ծանոթությունը վերաճել է ընկերության, իսկ հետո արդեն ծագել է նման փառատոն անցկացնելու գաղափարը:

«Պարզվեց, որ Բրայան Մեյը մեր աստղադիտարանում աշխատել էր 70 թվականին, ու մեր տնօրենը համաձայնվեց, որ իմ այդ գրվածը ուղարկի իրեն, որովհետև անձամբ ճանաչում էր: Ես շատ զարմացա, որ երկու շաբաթ հետո իրենից զանգ ստացանք, որ շատ հետաքրքիր բան է, որ ինքը մեծ հաճույքով կհանդիպի իմ հետ: Ու էդ ամեն ինչը քիչ-քիչ աճեց մինչև մեր աստղադիտարանում աշխարհի ամենամեծ աստղադիտակի բացումը: Մենք որոշեցինք այնտեղ համերգ անել, ու այդ բացման համերգը չստացվեց ինչ-ինչ պատճառներով, բայց այդ համերգի բանը բերեց նրան, որ որոշեցինք՝ դե ուրեմն փառատոն միանգամից կազմակերպենք», - ներկայացրեց աստղաֆիզիկոսը:

Այժմ արդեն իրողություն դարձած շատ երևույթներ ժամանակին ֆանտաստիկ մի բան էին թվում, որոշներն էլ մինչև հայտնագործվելը նկարագրվել են ֆանտաստ գրողների վեպերում։ Արդյոք «Ստարմուսը» նաև գիտաֆանտաստիկայով զբաղվող գրողների, սցենարիստների կամ ռեժիսորների է հյուրընկալելու:

«Այո, մենք հրավիրել ենք ֆանտաստիկայով զբաղվող թե՛ ռեժիսոր, թե՛ ֆիլմ նկարահանող, թե՛ գրող: Մենք պետք է ուղղակի տեսնենք, թե ժամանակը ոնց է հերիքում էդ բոլոր դասախոսությունների համար», - ասաց Իսրայելյանը:

«Ստարմուս»-ին մասնակցելու տոմսերն արժեն 20-25 հազար դրամ՝ 5 օրվա համար, Իսրայելյանն ասում է Հայաստանի համար ցածր՝ կարելի է ասել սիմվոլիկ գին են սահմանել, այն գումարով, որ կհավաքվի, նաև աստղադիտակներ կնվիրեն դպրոցներին: