ՔՊ-ն գլխավոր դատախազի թեկնածու է առաջադրելու վարչապետի օգնական Աննա Վարդապետյանին

Իշխող ՔՊ-ի հետ մոտ 2 ժամանոց դռնփակ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը մտքափոխվեց, մոռացավ տված խոստումը, փոխարենը հայտարարվեց, որ լրագրողների բոլոր հարցերին պատասխանեց իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Խմբակցության հետ հանդիպումից հետո բոլոր հարցերի պատասխանները», - ասել էր Վարդապետյանը:

Հենց Վարդապետյանն է իշխող խմբակցության գլխավոր դատախազի թեկնածուն։ Այդ պաշտոնին կարող է հավակնել 35-ը լրացրած անձը, նրա դեպքում թույլատրելի շեմը լրացել է մեկ տարի առաջ, Վարդապետյանը 36 տարեկան է։

Գործող գլխավոր դատախազի պաշտոնավարման ժամկետը լրանում է 3 ամսից, թեկնածուների առաջադրումներն, օրենքով երեկվանից են սկսել։ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն հեղափոխությունից հետո՝ 2019-ին 7 ամիս արդարադատության նախարարի տեղակալն է եղել, 2020-ի մարտից մինչև այժմ վարչապետի օգնականն է։

Արդյոք Փաշինյանի օգնական աշխատած պաշտոնյան ընտրվելու դեպքում կարո՞ղ է նրանից անկախ կամ ոչ հօգուտ վարչապետի որոշումներ կայացնել: Օրինակ՝ 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները հենց գլխավոր դատախազից են պահանջում վարչապետին որպես մեղադրյալ ներգրավել՝ հիմք ընդունելով Փաշինյանի հայտարարությունը, թե «պատերազմը հնարավոր էր կանխել, արդյունքում կլիներ նույն իրավիճակը, բայց առանց զոհերի»։

Վարդապետյանը հարցն անպատասխան թողեց, ՔՊ խմբակցության ղեկավարը անհոգ էր:

«Վստահություն եմ հայտնում, որ միանշանակ տիկին Վարդապետյանը գործելու է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների ու իր խղճի շրջանակներում», - ասաց Կոնջորյանը

Իսկ իշխանական «Քաղաքացիական պայմանագրին» չի՞ անհանգստացնում այն սկանդալը, որի կիզակետում անցած տարի հայտնվել էր վարչապետի օգնականը։ Տեսանյութ էր հրապարակվել, որը մեկնաբանելով, հանրապետական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի փաստաբանը պնդում էր՝ Աննա Վարդապետյանը գործով քննիչի հետ նամակագրությամբ նրան ու որդուն վերաբերվող քրեական գործում խմբագրումներ ու շտկումներ էր արել, ինչի իրավունքը չուներ։ Քննությունից հետո դատախազությունը հայտնեց՝ քրեական գործի հարուցումը մերժվել է, քանի որ քննիչի գործողություններին ապօրինի ներգործության հանգամանքը չի հիմնավորվել:

Հայկ Կոնջորյանն էլ ասում է՝ վարչապետի օգնականը թիրախավորվել էր, իսկ այս սկանդալը նրա կարիերայում բիծ չեն համարում. - «Ես գիտեմ, որ ձեր մատնանշած օրինակով, բնականաբար, դա բացարձակապես չի համապատասխանում այն համատեքստին, որը փորձ էր արվում այդ սկանդալի մեջ ներկայացնել»:

Ընտրվելու դեպքում սպասելիքներն Աննա Վարդապետյանից, ասաց Կոնջորյանը, օրենքի շրջանակներում գործելն է, իսկ դժվար հարցեր նրան տվե՞լ են։

«Մենք հիմնականում տվել ենք մասնագիտական հարցեր տիկին Վարդապետյանին», - պատասխանեց իշխող խմբակցության ղեկավարը:

Գործող գլխավոր դատախազին՝ Արթուր Դավթյանին ևս իշխանականները կարող էին առաջադրել, ինչո՞ւ չարեցին, հնարավո՞ր է գոհ չեն նրա աշխատանքից կամ 6 տարի առաջ ՀՀԿ-ի կողմից առաջադրված լինելն էր պատճառը։

«Տիկին Վարդապետյանի թեկնածությունը լավագույնն էր մեր քննարկումների ընթացքում և ըստ այդմ կայացրել ենք մեր որոշումը: Թույլ տվեք, որ ես համեմատություններ չանեմ», - ասաց Հայկ Կոնջորյանը:

Գլխավոր դատախազի իշխանության թեկնածուն ավելի ուշ, այնուհանդերձ, որոշեց զրուցել լրագրողների հետ. - «Նշաձողն իմ համար բոլոր պաշտոններում եղել է պրոֆեսիոնալիզմը, այս դեպքում ևս բարձր պրոֆեսիոնալ նշաձողն է ինձ համար: Գլխավոր դատախազի պաշտոնում երբևէ կին թեկնածու չի առաջադրվել և այդ հանգամանքը ևս լրացուցիչ ակնկալիք, պատասխանատվություն և նշաձող է պահանջում: Այո, պատասխանատվությունն ահռելի է, և ես զգում եմ այդ պատասխանատվությունը ու կարծում եմ, որ իմ գիտելիքները հնարավորություն կտան ինձ արդարացնելու հանրային ակնկալիքը այս առաջադրումից և նշանակումից: Պարոն Դավթյանի պրոֆեսիոնալիզմը թույլ է տվել համակարգը 2018 թվականից հետո մաքսիմալ պրոֆեսիոնալ, ապաքաղաքական և ինքնավար դիրքում պահել: Կարծում եմ՝ քաղաքական թիմի գնահատականին դեռ կանդրադառնա թիմը, կասի այդ մասին: Այդ նշաձողը պետք է պահել և ավելի բարձրացնել»:

ՔՊ-ի համար, ըստ Կոնջորյանի, կարևոր է, որ նաև ընդդիմությունը մասնակցի ընտրությանը, բայց նրանց հետ բանակցել չեն պատրաստվում։ Գլխավոր դատախազի սեփական թեկնածուին ընտրելու համար իշխանության ձայները բավարար են։

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններում դեռ լուռ են՝ թեկնածու կառաջադրե՞ն, իսկ չառաջադրելու դեպքում կմասնակցե՞ն իշխանական թեկնածուի ընտրության հարցով քննարկումներին։

Թե ե՞րբ կկազմակերպվի ընտրությունը, ժամկետներ չեն նշվում, Արթուր Դավթյանի պաշտոնավարումը ավարտվում է սեպտեմբերի 15-ին։ Դատախազին Ազգային ժողովն ընտրում է վեց տարի ժամկետով։