Վրաստանի պաշտպանության նախարարը Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։

Բուրչուլաձեն նրան շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին Վրաստանին ցուցաբերվող քաղաքական և գործնական ամուր աջակցության համար։

Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը նրանք խոսել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակի՝ անվտանգային ու առկա մարտահրավերների մասին և այդ առումով հատուկ ուշադրություն դարձնելով Ուկրաինայի պատերազմին։

«Կողմերը հաստատել են իրենց աներկբա աջակցությունն ու համերաշխությունը Ուկրաինային և Ուկրաինայի ժողովրդին», - հայտնում է Վրաստանի ՊՆ-ը։

Հաղորդագրությունում նաև նշված է, որ «հաշվի առնելով Ռուսաստանից բխող սպառնալիքները, ընդգծվել է Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործնական համագործակցության նշանակությունը, որի նպատակն է ամրապնդել Վրաստանի պաշտպանունակությունը, ՆԱՏՕ-ի հետ համատեղելիությունն ու երկրի անդամակցությունը դաշինքին»։

Հանդիպմանը ՆԱՏՕ-ի կողմից վերահաստատվել է վճռական աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային աբողջականությանն ու Եվրաատլանտյան ձգտումներին։

Բրյուսելում երկրորդ օրն է՝ շարունակվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը։ Վրաստանի պաշտպանության նախարարը մասնակից և գործընկեր երկրների ներկայացուցիչների հետ երկկողմ հանդիպումներ է ունենում։