ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հաջորդ ամիս Սաուդյան Արաբիա այցի ընթացքում քննարկելու է նաև նավթի արդյունահանման հետ կապված հարցեր։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով մամուլի խոսնակ Ջոն Քըրբին։
«Նախագահը մեկնում է Սաուդյան Արաբիա GCC, GCC+3-ի (հանդիպման) համար։ Դա տարածաշրջանի ինը պետություններ են։ Այնտեղ մեծ օրակարգ կա, Պարսից ծոցի համագործակցության խորհրդի վերաբերյալ, դա հակաահաբեկչությունն է, կլիմայի փոփոխությունը, և, իհարկե, նավթի արդյունահանումն անշուշտ լինելու է օրակարգում», - ասել է Քըրբին։
Ջո Բայդենը Սաուդյան Արաբիա է այցելելու հուլիսի 15-16-ը։
Նավթի թեման հատկապես արդիական է ԱՄՆ-ում բենզինի թանկացման, ինչպես նաև Ուկրաինա ներխուժելու պատճառով Ռուսաստանին մեկուսացնելու միասնական ճակատ ձևավորելու համար, որտեղ մեծ նշանակություն ունի ռուսական էներգակիրներից հրաժարվելու հարցը։