Ուկրաինայում շարունակվող դաժան պատերազմի պայմաններում, որը հազարավոր մարդկանց կյանք է խլում, ուկրաինացիները կարողանում են նաև ծիծաղել այդ սարսափների վրա։ Անտոն Տիմոշենկոն կատակերգու գործընկերների հետ ելույթներ է ունենում Կիևի ակումբի նկուղում։
«Կարծում եմ՝ պատերազմում սա հոգեկան առողջությունը փրկելու միակ միջոցն է, քանի որ ես փող չունեմ պսիխոթերապևտի համար»,- ասել է կատակերգու Տիմոշենկոն՝ հավելելով, թե տոմսի արժեքը 8-10 դոլար է, շատ ավելի էժան, քան հոգեբանական օգնության ծառայությունը։
Հանդիսատեսներից Յուլիա Շիտկոն ասել է, որ իրեն շատ ավելի լավ է զգացել, երբ մյուսների հետ ամբողջ դահլիճով բարձրաձայն ծիծաղում էին կատակերգուի ելույթի ժամանակ։
Կիևի ակումբի նկուղում յուրաքանչյուր շաբաթավերջին անցկացվող ներկայացումների մասին հաղորդում պատրաստած Associated Press-ը հիշեցնում է, որ Ուկրաինայի ամենահայտնի կատակերգուն հիմա երկրի նախագահն է։ Նախագահի պաշտոնում Վլադիմիր Զելենսկին ընտրվեց 2019 թվականին։ «Ժողովրդի ծառա» կատակերգական հեռուստասերիալում նա խաղում էր դպրոցի ուսուցչի դեր, ով անսպասելիորեն դառնում է երկրի նախագահ։ Վլադիմիր Զելենսկին իսկապես դարձավ երկրի նախագահ, իսկ փետրվարի 24-ից հետո նա դարձել է պատերազմական ժամանակաշրջանի առաջնորդ։ Նրա ամենօրյա տեսաուղերձները հաճախ մռայլ են և ուժով առլեցուն, նշում է մեկնաբանը։