Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ռուսաստանցի դիվանագետը, վկայակոչելով 44-օրյա պատերազմից հետո Մոսկվայի միջնորդությամբ Երևանի և Բաքվի կողմից ընդունված եռակողմ հայտարարությունները, նշել է, որ հենց դրանք են հանդիսանում կարգավորման գործընթացի ողնաշարը։
«Միևնույն ժամանակ, ես չէի ասի, որ կարգավորման գործընթացն արդեն հասել է ավարտին։ Այն ավելի շուտ իր սկզբնական փուլում է»,- «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ` «Բակինսկի ռաբոչի» ադրբեջանական թերթին տված հարցազրույցում ասել է դեսպան Բոչարնիկովը։
«Եվրամիության կողմից նկատվում է Ռուսաստանից նախաձեռնությունը խլելու և այդ բոլոր ոլորտներում առաջընթացն իրեն վերագրելու ցանկությունը»,- հավելել է դեսպանը` պնդելով, որ Բրյուսելը չի հիշատակում ոչ եռակողմ այդ հայտարարությունները, ոչ էլ գործընթացում Ռուսաստանի դերը։
«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ` ռուս դեսպանը նաև կարծիք է հայտնել, որ Եվրամիությունը կարող է «օգուտ բերել գործընթացին, եթե իր վրա վերցնի տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված նախագծերի ֆինանսավորումը»։