ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատար Միշել Բաչելետը, որը վերջերս կոշտ քննադատությունների թիրախում էր հայտնվել Չինաստան այցելելու համար, հայտարարում է պաշտոնին հրաժեշտ տալու մտադրության մասին։ Նա հայտնել է, որ չի ցանկանում երկրորդ անգամ առաջադրել իր թեկնածությունն այդ պաշտոնում։ Բաչելետի պաշտոնավարման առաջին ժամկետն ավարտվում է առաջիկա օգոստոսի 31-ին։
Հունիսի սկզբին տասնյակ իրավապաշտպան կառույցներ Բաչելետին կոչ արեցին հրաժարական տալ՝ նրան մեղադրելով Պեկինի «վայրագությունների» վրա աչք փակելու համար։
Եվրախորհրդարանն իր հերթին էր բանաձև ընդունել, որը դատապարտում էր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարին՝ ույղուրների նկատմամբ Չինաստանի իշխանությունների գործողություններին պատշաճ գնահատական չտալու համար։
Միացյալ Նահանգներն անցած տարի պատժամիջոցներ էր սահմանել Չինաստանի դեմ՝ հիմնականում մահմեդական ավելի քան 1 միլիոն ույղուրներին և այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչներին համակենտրոնացման ճամբարներում տեղակայելու համար, որոնք Պեկինն անվանում է վերակրթման և ուսումնական կենտրոններ:
Ույղուրների մեծ մասը բնակվում է Չինաստանի արևմտյան Սինցզյան նահանգում։ Ըստ իրավապաշտպան կառույցների, պաշտոնական Պեկինը շարունակաբար բռնությունների և ճնշումների է ենթարկում նրանց՝ ստիպելով հրաժարվել իրենց կրոնից, լեզվից և մշակույթից: