Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձներ են հղել Ռուսաստանի օրվա առթիվ:
«Բարձրագույն և բարձր մակարդակներում ակտիվ քաղաքական երկխոսությունը, տարածաշրջանային և միջազգային օրակարգի առանցքային հարցերի շուրջ կառուցողական փոխգործակցությունը, տնտեսական, ռազմական, մշակութային- հումանիտար և այլ ոլորտներում հաջող գործընկերությունը լիովին համապատասխանում են Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման շահերին։
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կապահովենք Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության ողջ համալիրի հետագա զարգացումը՝ ի շահ մեր ժողովուրդների և պետությունների, հօգուտ տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման», - կառավարության փոխանցմամբ` ասված է նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված Փաշինյանի ուղերձում:
Արցախի նախագահն իր ուղերձում անդրադարձել է ՌԴ խաղաղապահ զորակազմին, որ գտնվում է Արցախում` նշելով, որ նա «իրականացնում է չափազանց կարևոր առաքելություն՝ պաշտպանության բանակի հետ միասին ապահովելով մեր բնակչության անվտանգությունն ու անդորրը»: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմը:
«Արցախում գիտենք և բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության և անձամբ Ձեր ջանքերն՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման գործին, ինչի համար խորապես շնորհակալ ենք Ձեզ ու երախտապարտ», - ասված է Պուտինին ուղղված ուղերձում: