Սինգապուրում հանդիպել են ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտպանության նախարարեր Լոյդ Օսթինը և Վեյ Ֆենհեն

ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտպանության նախարարներ Լոյդ Օսթինը և Վեյ Ֆենհեն «Շանգրի-Լայի երկխոսություն» հավաքում, Սինգապուր, 11 հունիսի, 2022թ.

Սինգապուրում գումարվել է Ասիայի անվտանգության գագաթնաժողովը, որն անվանել են նաև «Շանգրի-Լայի Երկխոսություն»:

Այդ միջազգային համաժողովում հանդիպել են մի շարք երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ: Մասնակիցների թվում են պատվիրակներ Միացյալ Նահանգներից, Չինաստանից, Վիետնամից, Հարավային Կորեայից, Ուկրաինայից և այլ երկրներից:

ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտպանության նախարարներ Լոյդ Օսթինը և Վեյ Ֆենհեն գովեստով են խոսել իրենց առանձնազրույցի մասին, ասելով, որ երկու երկրները պետք է միջոցներ ձեռնարկեն փոխադարձ ռազմավարական վստահությունն ամրապնդելու և երկու բանակների միջև գոյացող խնդիրները ճիշտ եղանակով կարգավորելու համար:

Օսթինը և Ֆենհեն նշել են, որ անհրաժեշտ է պահպանել բարձր մակարդակով երկխոսությունը և կանխել տարաձայնությունների վերածումը հակամարտությունների և առճակատման:

«Շանգրի-Լա» հյուրանոցային համալիրում Օսթինը հանդիպել է նաև Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Դմիտրո Սենիկի հետ:

Այսօր ավելի ուշ հավաքի մասնակիցներին տեսաուղերձով պետք է դիմի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: