Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավարի օգնական Ալեքսեյ Արեստովիչն ասել է, որ փետրվարի 24-ին Ռուսաստանի հարձակմամբ մեկնարկած պատերազմի ընթացքում զոհվել է մոտ 10 հազար ուկրաինացի զինծառայող: Այդպիսով, պաշտոնական Կիևն առաջին անգամ է հրապարակել տվյալներ կորուստների մասին:
Զրուցելով իրավապաշտպան Մարկ Ֆեյգինի հետ, Արեստովիչը նշել է, որ պատերազմի սկզբնական փուլում ուկրաինական բանակն օրական կորցրել է միջինը 100 զինծառայող: Նրա պնդմամբ, ռուսների օրական միջին կորուստը 1000 մարդ էր: Հիմա, ըստ Արեստովիչի, Ռուսաստանն օրական 200-300 մարդ է կորցնում:
Ավելի վաղ նախագահ Զելենսկու խորհրդական Միխայիլ Պոդոլյակն ասել է, որ ուկրաինացիներն օրական կորցնում են 100-ից 200 զինծառայող, և դրա պատճառը՝ ռուսական կողմի առավելությունն է հրետանու հարցում:
Ռուսաստանը վերջին անգամ կորուստների մասին հաղորդել է մարտի 25-ին, հայտնելով, որ «հատուկ ռազմական օպերացիայի» ընթացքում զոհվել է 1351 զինծառայող:
Արևմտյան փորձագետների կարծիքով, ռուսներն այսօրվա դրությամբ մոտ 20 հազար մարդ են կորցրել:
Անկախ աղբյուրները նշում են, որ կորուստների, վիրավորների կամ գերիների մասին Ռուսաստանի և Ուկրաինայի հայտնած տվյալները չի կարելի արժանահավատ համարել: