ՖԻՖԱ-ն հաստատեց Էկվադորի հավաքականի մասնակցությունը ֆուտբոլի աշխարհի առաջնությանը

Էկվադորի հավաքականի պաշտպան Բայրոն Կաստիյոն, արխիվ

ՖԻՖԱ-ն մերժել է Չիլիի ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքը և հաստատել է Էկվադորի ֆուտբոլի հավաքականի մասնակցությունը Քաթարում կայանալիք աշխարհի 2022 թվականի առաջնությանը:

Չիլիի ֆեդերացիան բողոք է ներկայացրել, պնդելով, որ Էկվադորի հավաքականի պաշտպան Բայրոն Կաստիյոն իրականում կոլումբացի է և, հետևաբար, չուներ Էկվադորի թիմում խաղալու իրավունք:

Չիլիի ֆուտբոլի ֆեդերացիան պահանջել է Էկվադորին 0-3 հաշվով տեխնիկական պարտություններ գրանցել ընտրական խմբում անցկացրած բոլոր 8 հանդիպումներում:

Եթե բողոքը բավարարվեր, Չիլիի ազգային հավաքականն ընտրական խմբում կգրավեր 4-րդ տեղը, որը տալիս է աշխարհի առաջնությանը մասնակցելու ուղիղ իրավունք:

ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն հունիսի 10-ին Ժնևում նիստ է գումարել և քննարկումներից հետո հայտնել է, որ Էկվադորի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից խախտում չի գրանցել:

Չիլիի ֆեդերացիան կարող է բողոքարկել որոշումը սպորտի մարզական արբիտրաժային միջազգային դատարանում:

Հարցի քննությունը կարող է շաբաթներ տևել և անորոշություն ստեղծել Քաթարում նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը կայանալիք աշխարհի մրցաշարից առաջ: