Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Մոսկվայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները միանգամից չեն հանվի Ուկրաինայում զինված առճակատման ավարտից հետո:
Այդ մասին Շոլցն ասել է Բելգրադում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ համատեղ մամլո ասուլիսում:
Կանցլերի խոսքով, պատժամիջոցների չեղարկման համար անհրաժեշտ կլինեն իրավիճակի կայունացում և Մոսկվայի ու Կիևի հարաբերությունների այնպիսի կարգավորում, որը կերաշխավորի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը:
«Պարտադիր պայման կլինի Ռուսաստանի ըմբռնումը, որ նա ոչ թե պետք է խաղաղության պայմաններ թելադրի Ուկրաինային, այլ երկխոսի այդ երկրի հետ», - ասել է Շոլցը:
Կանցլերը նաև կոչ է արել Եվրամիությանն անդամակցելու ցանկություն ունեցող երկրներին միանալ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներին:
Սերբիան դրանց չի միացել, թեպետ հայտարարել է, որ ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և դատապարտել է ռուսների ներխուժումն Ուկրաինա: