«Խոսում են դատական իշխանության անկախությունից, ո՞նց կարա էս աստիճան փակ քննարկում լինի». ընդդիմադիր պատգամավոր

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, արխիվ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ու գործընկերերը՝ «Պատիվ ունեմ»-ից Հայկ Մամիջանյանը զայրացել էին՝ ինչո՞ւ ընդդիմադիրները հրավիրված չեն ու չեն կարող մասնակցել դատական իշխանության խնդիրներին առնչվող խորհրդաժողովին։

«Խոսում են՝ դատական իշխանություն, դատական իշխանության անկախություն, սա ո՞նց կարա էս աստիճան փակ քննարկում լինի», - նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» խորագրով միջոցառմանը մասնակցում էին Արդարադատության նախարարը, Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի նախագահներն ու եվրոպացի բարձրաստիճան հյուրեր, այդ թվում՝ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարը, Վենետիկի հանձնաժողովի նախագահը։ Լրագրողներն էլ չկարողացան մտնել շենք։

«Ընդդիմադիր պատգամավորների մասնակցությունը տվյալ միջոցառմանը արգելված է, մուտքը հրավիրատոմսերով է միայն», - ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

«Լավ, պատգամավորներից ինչը պետք է փակ լինի, այսինքն՝ պետական գաղտնիքից մինչև ամենաբարձր գաղտնիության թույլտվություն ենթադրողը պատգամավորների համա բաց է: Եվ կարելի է ասել ներկա իշխանության տերմիններով ասած՝ նախկինում էդ որտե՞ղ էր, որ նման հանդիպումները փակ էին լինում», - նշեց Վարդևանյանը:

Ավելի ուշ պարզվեց, որ Սահմանադրական դատարանի ու Եվրոպայի խորհրդի կազմակերպած խորհրդաժողովին նաև իշխող ուժի ներկայացուցիչները հրավիրված չեն եղել։ Այս մասին Սահմանադրական դատարանից հայտնեցին։ Լրատվամիջոցներին էլ հրավեր չէր ուղարկվել, թե ինչո՞ւ, պարզ չէ։ Հրավերը ստացել էին միայն Հանրային հեռուստաընկերությունն ու «Արմենպրես» լրատվական գործակալությունը։

«Կարծում եմ, որ մենք կքննարկենք երկու ընդդիմադիր խմբակցություններով», - ասաց Մամիջանյանը

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտարարեց՝ իրենք թույլ չեն տալու, որ Հայաստանում գործող եվրոպական կառույցները խարխլեն Եվրամիության արժեքներն ու ինստիտուտների նկատմամբ վերաբերմունքը։ Պատգամավորը հայտնեց, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները կքննարկեն ու հնարավոր է՝ այս մասին բողոքեն արդեն Եվրոպայի խորհրդին։

«Չեմ կարծում, որ բացի ծիծաղից ու զարմանքից որևէ այլ էմոցիա կարող է առաջանալ Եվրոպայի խորհրդի կենտրոնական գրասենյակում, երբ ստանան նամակ, որը վերնագրված է, որ ընդդիմադիր պատգամավորները, ընդ որում, պարոն Վարդևանյանի պարագայում Պետաիրավական հանձնաժողովի անդամ պատգամավորը չի հրավիրվել և արգելվել է մասնակցությունը դատական ռեֆորմների վերաբերյալ քննարկմանը», - նշեց Հայկ Մամիջանյանը:

Ընդդիմադիրները երեկ էլ հավաքվել էին Հայաստանում եվրամիության ներկայացուցչության դիմաց՝ դեսպան Անդրեա Վիկտորինից պահանջելով դատապարտել անցած ուրբաթ նույն հատվածում տեղի ունեցածը։

Խորհրդաժողովը լուսաբանելու հնարավորություն ստացած «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեսպան Անդրեա Վիկտորինն անդրադարձել է հայաստանյան ներքաղաքական իրավիճակին։ Եվրոպացի դիվանագետը ասել է, որ Եվրամիությունը հետևում է Հայաստանում ներքաղաքական իրավիճակին և բողոքի ցույցերին։ Նա անհրաժեշտ է համարել որոշ միջադեպերի քննությունը։

«Բոլոր կողմերին մեկ ուղերձ ենք փոխանցում՝ նվազեցնել լարող իրավիճակը: Շատ կարևոր է, որպեսզի մարդիկ կարողանան ազատ բարձրաձայնել իրենց կարծիքը, իսկ իրավապահ մարմիններն ու ոստիկանական ուժերը պետք է ձեռնպահ մնան բիրտ ուժի գործադրումից: Տեղի ունեցած որոշ միջադեպեր ենթակա են քննության, որոշ դեպքերում դա արդեն իսկ տեղի է ունենում, գործերը հասնում են դատարան և կայացվում է որոշում: Այդպես է աշխատում ժողովրդավարությունը», - նշել է ԵՄ պատվիրակության ղեկավարը։

ԵՄ դեսպանը, «Արմենպրեսի» փոխանցմամբ, բոլոր կողմերին կոչ է արել չլարել ներքաղաքական իրավիճակն ու ձեռնպահ մնալ ատելության խոսքից։ Հայաստանյան խորհրդարանական ընդդիմությունն արդեն ավելի քան մեկ ամիս է փողոցային պայքար է սկսել՝ պահանջելով վարչապետ Փաշինյանի հրաժարականը։ Իշխանությունից հայտարարում են, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը ընդհանրապես չեն քննարկում։