Ռուսաստանն ընդունեց մարտի 15-ից հետո ՄԻԵԴ կայացրած որոշումները չկատարելու օրենսդրությունը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում, արխիվ

Ռուսաստանի Պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)` 2022 թվականի մարտի 15-ից հետո կայացրած որոշումները չկատարելու մասին օրենքների փաթեթը։ Այդ մասին հայտնում է Դումայի կայքը։

Ինչպես օրեր առաջ հայտարարել էր Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, մինչև մարտի 15-ը ուժի մեջ մտած վճիռներով սահմանված փոխհատուցումները կվճարվեն միայն ռուբլով, փոխանցումները պետք է իրականացվեն միայն ռուսաստանյան բանկային հաշիվներին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը չի կատարի ՄԻԵԴ-ի` մարտի 15-ից հետո կայացված վճիռները. Պետդումայի նախագահ


Մարտի 15-ին Ռուսաստանը դուրս է եկել Եվրախորհրդից:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի Դաշնությունը դուրս եկավ Եվրոպայի խորհրդից

Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ ընդունված օրենսդրությամբ սահմանվել է, որ ՄԻԵԴ որոշումներն այլևս հիմք չեն համարվի ռուսական դատարանների որոշումների վերանայման համար, և ռուսական դատարանների որոշումները կգերակայեն ՄԻԵԴ վճիռների նկատմամբ:

Դեռ 2015 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս երկրի Սահմանադրական դատարանին չկատարել միջազգային դատարանների որոշումները։