Queen ռոք խմբի կիթառահար Բրայան Մեյը և հարվածող Ռոջեր Թեյլորը BBC 2 ռադիոկայանին հայտնել են, որ արխիվում հայտնաբերվել է հանգուցյալ մեներգիչ Ֆրեդի Մերքյուրիի կատարմամբ նոր երգ, որը, հավանաբար, կթողարկվի այս տարվա սեպտեմբերին:
Face It Alone երգը խումբը ձայնագրել է 1989 թվականին թողարկված The Miracle սկավառակի համար, սակայն ինչ-ինչ պատճառներով այն Queen-ի 13-րդ ալբոմում տեղ չի գտել:
Դրանից հետո երգը, ավելի ճիշտ՝ դրա գործիքների և վոկալի ձայնագրություններով ժապավենները, տարիներով մնացել են արխիվում և չեն օգտագործվել:
«Մենք Ֆրեդիից մի փոքր գանձ ենք հայտնաբերել, կորսված երգ, մի հրաշք, իսկական գտածո»,- ասել է Թեյլորը:
Մեյի և Թեյլորի փոխանցմամբ, ժապավենները ոչ բարվոք վիճակում էին, ձայնագրությունը վերականգնելու հույսը մեծ չէր, սական ինժեներների քրտնաջան և նուրբ աշխատանքի շնորհիվ երգը փրկվեց:
«Մենք շատ ենք լսել ժապավենները, ամեն անգամ եզրակացրել ենք, որ այդ վիճակում թողարկել չի լինի: Դա նման էր պստիկ կտորներ իրար կարելուն: Երբ լսեցինք վերջին տարբերակը, հասկացանք, որ այս անգամ օքեյ է, լավ է ստացվել: Սա շատ գեղեցիկ և հուզիչ երգ է»,- ասել է լեգենդար Queen-ի կիթառահարը:
«Շատ զգացմունքային ստեղծագործություն է»,- ասել է խմբի հարվածող Թեյլորը:
Ֆրեդի Մերքյուրին վախճանվել է1991 թվականին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի առաջացրած բարդություններից:
Նրա մահից հետո Queen-ը թողարկել է Մերքյուրիի կատարմամբ նախկինում ձայնագրված մի քանի երգ:
2011 թվականից Queen-ին միացել է երգիչ Ադամ Լամբերտը, ով կատարում է խմբի հայտնի հիթերը:
Queen-ն այդ կազմով օրերս մասնակցել է թագուհի Եղիսաբեթ երկրորդի «պլատինե հոբելյանին»՝ գահակալության 70-ամյակին նվիրված համերգին: