Պատերազմից հետո կոռնիձորցի Հայկի կյանքում ամեն ինչ փոխվեց, միայն աղավնիների հանդեպ սերը մնաց նույնքան շատ։
Հայկն ամենահաճելի ժամանակն իր բազմագույն աղավնիների հետ է անցկացնում։
44-օրյա պատերազմում ծանր վիրավորում ստացած, 28 օր անհույս, անգիտակից կոմայի մեջ անցկացրած Հայկը ո'չ աղավիների, ո'չ պատերազմի ու ո'չ էլ իր նոր աշխատանքի մասին չի պատմի, խոսել չի սիրում. - «Վիրավորվել եմ Մատաղիսի վերևը... ու վերջ»։
Հայկի ընտանիքիում պատերազմը սկսվել ու չի ավարտվում։ «Ես չեմ ասում 44-օրյա պատերազմ... էս պատերազմը մեզ համար ցմահ էր», - լացակումած ասում է Հայկի մայրը՝ Լուսինե Գիլավյանը։
Նա պատմում է՝ որդին Մատաղիսում 15 ամսվա ծառայող էր, երբ պատերազմն սկսվեց։ Ամեն օր կարողանում էին թեկուզ մեկ րոպեով կապ հաստատել, մինչև հոկտեմբերի 24-ը, այդ օրը չզանգեց. - «Իրա ախպերը Երևան հիվանդանոցները ման եկավ, Աստղիկում ճարեց։ Բայց դե անգիտակից»։
Հայկի վիճակը բժիշկները ծայրահեղ ծանր էին գնահատում. կասետային ռումբի բեկորները վնասել էին աչքը, գլխուղեղը, ոտքերը։ Գուցե այլևս չքայլի, գուցե երբեք չխոսի, զգուշացնում էին բժիշկները։ 21-ամյա տղան 9 անգամ վիրահատվել է, ձախ ոտքը մետաղական կոնստրուկցիաների մեջ է, գլխի վիրավորման հետևանքով մի ձեռքը շարժել չի կարողանում։ Գլխում դեռ բեկորներ կան, դրանք այստեղ հեռացնելը մասնագետները ռիսկային են համարում։
«Առողջ, հարյուրտոկոսանոց էրեխադ ուղարկել ես, կես-մարդ հետ ա էկել... ո՞նց կարաս հաղթահարես։ Դա անհնար ա հաղթահարել... Ապրում ենք էլի...», - ասում է մայրը։
Փառք Աստծո, որդիս մեզ հետ է, մայրը շատ արագ է իրեն հավաքում՝ հույսով, որ որդու վերականգնողական բուժումը, որ պարբերաբար ստանում է Զինվորի տանը, արդյունք կտա։
Լուսինե Գիլավյանն ասում է՝ խնդիր է այն, որ Սյունիքի մարզի այս գյուղում գործը ֆիզիկական է՝ անասնապահություն կամ հողի գործ։ Որդին ի՞նչ պիտի անի. - «Բայց ինքն էլ գյուղը սիրում ա։ Երևի էս վիրավորումից հետո ավելի շատ ա ուզում մնա ստեղ»։
«Քաղաքում շարժը շատ է, քաղաք չեմ ուզում, էլ ինչ բացատրեմ», - ժպտում է Հայկը։
Կոռնիձորում շուրջ մեկ ամիս առաջ հենց Հայկի համար մի նախաձեռնություն սկսեց Անդրե Դավթյանը։ Նա դպրոցի այս տարվա շրջանավարտներից է, որոշեց, որ գյուղը պիտի գրանադարան ունենա և այդտեղ մի աշխատողի հաստիք՝ Հայկի համար, որպեսզի նա ստիպված չլինի ֆիզիկական գործ անել։
«Դիմում եմ գրել համայնքապետարան, պարոն Ղուլունցին։ Մոտ մի ամիս սպասելուց հետո իմ նախաձեռնությունը իրականություն դարձավ», - ասաց Անդրեն։
Հաստիքը կա՝ 68 հազար դրամ աշխատավարձով, Կարմիր խաչի գրասենյակը դպրոցի մի սենյակ կահավորեց, իսկ գրքերի հավաքագրման աշխատանքը, Անդրեի փոխանցմամբ, շարունակվում է. - «Ե'վ փոստով, և' համագյուղացիներից մեկը այս վերջերս մարզային գրադարանիվ վեց հարյուր կտոր գիրք է բերել։ Նաև երկու հազար կտոր գիրք պետք է նորից բերվի»։
Կոռնիձորի վարչական ղեկավար Լուսինե Քարամյանը ասում է՝ փորձելու են ամեն ինչ անել, որ Հայկը գյուղից հեռանալու ցանկություն չունենա նաև հետագայում։ Կոռնիձորը այս պատերազմից հետո սահմանի գյուղ դարձավ, Ադրբեջանի հետ 22 կիլոմետրանոց շփման գիծ ունի, դաշտեր արոտավայրեր անցան Ադրբեջանի հսկողության տակ։
Գյուղից հեռանալ ցանկացողները քիչ չեն։ «Թող համբերեն», - ասում է Հայկը։ - «Ուժ, եռանդ, համբերություն, էդքանը...»
Գյուղի նոր գրադարանի գրադարանավարը գործի է գալիս ամեն օր։ Հայկը անկեղծ է՝ գրքեր չի կարդում, դրանց վերաբերվում է զգույշ, ինչպես իր աղավնիներին։