«Ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի անարգել առաքման շուրջ բանակցություններում զգալի առաջընթաց կա», - Reuters գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ բանակցությունները «շահագրգիռ կողմերի, ինչպես նաև ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ շարունակվում են»։
Նախօրեին ամերիկյան Bloomberg գործակալությունը, սեփական աղբյուրները վկայակոչելով, հաղորդել էր, որ Ռուսաստանն ու Թուրքիան Օդեսայի նավահանգստից ուկրաինական հացահատիկի առաքումների կազմակերպման շուրջ նախնական պայմանավորվածությունների էին հանգել։ Bloomberg-ի տեղեկություններով, սակայն, ուկրաինական իշխանությունները Մոսկվայի և Անկարայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները ընդունել են «առանց ոգևորության»։