Վրաստանի կառավարությունը նախագահի դեմ դատական գործընթաց է սկսում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի, արխիվ

Վրաստանի կառավարությունը երկրի հերթական նախագահի դեմ դատական գործընթաց է սկսում, բայց, ի տարբերություն, մի շարք մեղադրանքներով ազատազրկման դատապարտված Միխայիլ Սաակաշվիլիի, Սալոմե Զուրաբիշվիլիի դեմ հայցի նպատակը ոչ թե իրավական պատասխանատվության ենթարկելն է, այլ նրա պաշտոնեական հնարավորությունները սահմանափակելը։

Նախագահի դեմ Սահմանադրական դատարան հայց ներկայացնելու մասին հայտարարել է Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն։ Գործադիրը բարձր ատյանից պահանջում է հստակեցնել նախագահի իրավունքներն ու լիազորությունները։

Դատական այս գործընթացի հիմքում, ինչպես պնդում են իշխող ուժի ներկայացուցիչները, Զուրաբիշվիլիի կողմից մի շարք երկրներում դեսպաններ նշանակելու վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի առաջարկը մերժելն է։

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ Զուրաբիշվիլին, մասնավորապես, տորպեդահարել է ՄԱԿ-ում նոր դեսպանի նշանակման գործընթացը։

Կուսակցապետը նշել է, որ դեսպան Կախա Իմնաձեի պաշտոնավարման ժամկետը ավարտվում է այս ամիս։ Կառավարությունն առաջարկել է նրա լիազորությունները երկու ամիս շուտ դադարեցնել, Իմնաձեին ուղարկել Կանադայում վրացական դեսպանությունը ղեկավարելու, իսկ նրա փոխարեն ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչ նշանակել Դավիթ Բաքրաձեին։

«Նախագահը հրաժարվել է հաստատել այդ առաջարկները։ Պատճառը հայտնի չէ», - ասել է Իրակլի Կոբախիձեն։

Զուրաբիշվիլիի գրասենյակն առայժմ չի արձագանքում

Նախագահական գրասենյակը առայժմ չի արձագանքել այս հայտարարություններին և չի պարզաբանել կառավարությանն ընդդիմանալու իրական պատճառները։

Կառավարության աշխատակազմի ղեկավարը մինչ այդ պնդում է, որ երկրի Սահմանադրության համաձայն, դեսպանների թենկածուների ընտրությունը կառավարության իրավասությունն է՝ ակնարկելով, որ նախագահի անելիքը բացառապես այդ թեկնածուներին հաստատելն է։

«Սահմանադրությունը Վրաստանի նախագահին չի տալիս ոչ գործադիր իշխանություն, ոչ էլ լիազորություններ՝ երկրի ներքին կամ արտաքին քաղաքականությունը իրականացնելու համար», - Սահմանադրական դատարանի որոշումից առաջ շտապել է հայտարարել կառավարության բարձրաստիճան պաշտոնյան։

Սահմանադրության համաձայն, Վրաստանը խորհրդարանական հանրապետություն է։ Արտաքին և ներքին քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանում է խորհրդարանը, իսկ դրանց իրականացումը վերապահված է կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ։ Վրաստանի նախագահը յուրատեսակ արբիտրի դեր ունի։

Կառավարության և նախագահի միջև լարվածությունը սրվեց Ուկրաինայում պատերազմի ֆոնին

Սալոմե Զուրաբիշվիլին 2018 թվականին նախագահ է ընտրվել իշխող կուսակցության աջակցության շնորհիվ։ «Վրացական երազանքի» հետ նախկին դիվանագետի արդյունավետ համագործակցությունը, սակայն, երկար չտևեց, վրացական մամուլը պարբերաբար գրում էր իշխող ուժի և նախագահի միջև խորը տարաձայնությունների, մեկը մյուսին հաջորդող սկանդալների մասին։

Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո կողմերի միջև լարվածությունը դարձավ հրապարակային։ Զուրաբիշվիլին սկսեց անթաքույց հակադարձել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմիանալու կառավարության պաշտոնական դիրքորոշմանը։

«Չեմ կարծում, թե նման հայտարարություններն այսօր տեղին են և մեծ իմաստ ունեն։ Ես նման բան չէի հայտարարի»,- France 24 հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարում էր Վրաստանի նախագահը։

«Վրացական երազանքի» պատասխան հարվածը չուշացավ․ իշխող մեծամասնությունը նախ հայտարարեց, թե պատրաստվում է նախագահի դեմ դատական հայց ներկայացնել՝ առանց կառավարության և խորհրդարանի թույլտվության Եվրոպա մեկնելու համար, ինչը, իշխանությունների կարծիքով, լիազորությունների գերազանցում է։ Բացի այդ, «Վրացական երազանքը» Սահմանադրական փոփոխությունների օրինագիծ նախաձեռնեց, որն իշխող մեծամասնությանն ավելի արդյունավետ գործիքներ է ընձեռում նախագահի դեմ հետագայում դատական գործեր հարուցելու համար:

«Սա նախագահի հետ հաշիվները մաքրելու փորձ է»

Վրաստանի իշխանության երկու թևերի միջև իրավական այս գործընթացների մասին հատուկ զեկույցում երկրի ամենաազդեցիկ անկախ կառույցներից՝ «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» նշում է, որ Սահմանադրական դատարանն ընդամենը կարող է քննել նախագահի պաշտոնական հրամանների օրինականությունը, այլ ոչ թե նրա գործողությունները:

Կազմակերպության իրավաբանները նկատում են, որ օրենսդրական փոփոխություններից հետո հնարավոր կլինի քննել նաև նախագահի գործողությունները։

«Վրացական երազանքի» հեղինակած օրինագիծը հստակ ցույց է տալիս, որ սա նախագահի հետ հաշիվները մաքրելու փորձ է», - հայտարարել է «Երիտասարդ իրավաբանների ասոցացիան»։

Մոտ տասնամյա պաշտոնավարման ընթացքում «Վրացական երազանքը» և՛ խորհրդարանական կոալիցիայից, և՛ գործադիր իշխանությունից բազմաթիվ քաղաքական գործիչների է հեռացրել, որոնք հրաժարվել են ենթարկվել կուսակցության որոշումներին, հրապարակավ հակադրվել են իշխանություններին։

Սալոմե Զուրաբիշվիլին, որին ընդդիմախոսները համարում էին իշխող ուժի փաստացի առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կատարածուն, ինչպես վրացական մամուլն է նկատում, գնում է նույն ճանապարահով, ինչ նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին։ Վերջինս նույնպես պաշտոնավարման մեկնարկին վայելում էր Իվանիշվիլիի անվերապահ աջակցությունը, սակայն քաղաքական զինակիցների հարաբերությունները հետագայում կտրուկ սրվեցին, երբ Մարգվելաշվիլին որոշեց անկախ քաղաքականություն վարել։