Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում իշխող Պահպանողական կուսակցության օրենսդիրները քվեարկությամբ վստահություն են հայտնել վերջին ամիսներին խիստ քննադատությունների ենթարկվող վարչապետ Բորիս Ջոնսոնին:
Կուսակիցները և հանրության զգալի մասը դատապարտել են վարչապետի կեցվածքը և, մասնավորապես, աններելի են անվանել կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ սահմանված լոքդաունի ժամանակաշրջանում նեղ շրջապատում ուրախ երեկույթների մասնակցելու հանգամանքը:
Վստահություն ստանալու համար Ջոնսոնին անհրաժեշտ էր առնվազն 180 կուսակիցների աջակցությունը:
Ըստ քվեարկության արդյունքների, 211 օրենսդիր սատարել է վարչապետին, 148 օրենսդիր նրան անվստահություն է հայտնել:
Այսպիսով, 63 քվեների առավելությամբ Ջոնսոնը վստահություն է ստացել, ինչը նշանակում է, որ առնվազն մեկ տարվա ընթացքում վարչապետին անվստահություն հայտնելու հարցով քվեարկություն խորհրդարանում չի կարող անցկացվել:
Եթե կուսակիցները Ջոնսոնին անվստահություն հայտնեին, ապա առաջիկա երեք ամսում պահպանողականները կպարտավորվեին նոր լիդեր ընտրել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ջոնսոնի կուսակիցները վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց են սկսել