Իրանի պաշտոնական տվյալներով՝ Աբադան քաղաքում բարձրահարկ շենքի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 41-ի։
«Փլատակների տակ գտնվող այլ հնարավոր դիակներ հայտնաբերելու ուղղությամբ ջանքերը շարունակվում են», - այսօր IRNA պետական լրատվական գործակալությանն ասել է Աբադանի նահանգապետ Էհսուն Աբասփուրը:
Թե աղետի հետևանքով քանի մարդ է համարվում անհետ կորած, Իրանի պաշտոնյաները չեն հստակեցնում:
Իշխանությունները շենքի փլուզման համար մեղադրում են կառուցապատողին, շինարարական իրավախախտումների կասկածանքով ձերբակալվել է 13 մարդ, այդ թվում՝ քաղաքային իշխանության ներկայացուցիչներ:
Դեպքի վայրում բողոքի ակցիաներ իրականացնող ցուցարարները, սակայն, պնդում են, որ վթարի պատճառը կառավարության անփութությունն ու համակարգային կոռուպցիան է։
Անցած օրերին երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին անակնկալ այցով ժամանել է Աբադան՝ իր ցավակցությունները հայտնելու զոհերի հարազատներին։ Ռայիսին խոստացել է, որ կառավարությունն առաջիկայում «կզբաղվի իրավախախտներով» և «ավելի մոտիկից կհետևի շինարարությանը»:
Գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին հունիսի 4-ի ելույթում անդրադառնալով աղետալի միջադեպին հայտարարել է, որ «մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»։