Աշխարհի 22 երկրներից ավելի քան 200 լամպ Մանուկ Հովհաննիսյանի տնային թանգարանում

Ոչ թե Լապլանդիա, այլ Լամպլանդիա. սա գյումրեցի Մանուկ Հովհաննիսյանի յուրօրինակ տնային թանգարանն է, որտեղ կարելի է աշխարհի 22 երկրներից 200-ից ավելի լամպ տեսնել։ Շրջապատում բոլորը գիտեն, որ Մանուկի համար ամենահաճելի նվերը լամպն է, և որքան հին, այնքան լավ։ Հավաքածուի մի մասն իսկապես նվիրել են, մի մասն էլ ինքն է գնել։ Ֆրանսիայից նվեր ստացած լամպը աչքի լույսի պես է պահում։

«Մրցանակ է փայտահատի, նշումը կա՝ որ թվին, որ օրն, ինչու համար։ Փայտահատների համքարության մրցույթում հաղթող փայտահատի մրցանակն է սա», - «Ազատությանն» ասաց Մանուկ Հովհաննիսյանը։

Ամեն ինչ սկսվեց մութ ու ցուրտ 90-կաններին օգտագործված լամպից, որը տան մի անկյունում հնաոճ ձևավորման աքսեսուար էր դարձել։ Հարևան-բարեկամները, տեսնելով այդ լամպը, հիշում էին, որ իրենք էլ ունեն ու նվիրում էին Մանուկին։ Հավաքածուի 70-80 տոկոսն աշխատող լամպեր են: Որոշները կոտրված ու վնասված են հասել նրան, վերանորոգել ու ցուցանմուշ է դարձրել։

Լամպերը տարբեր կիրառություն են ունեցել։ Հին նմուշներից մեկն, օրինակ, անգլիական հեծանիվի լամպ է․ - «Հին ժամանակներում հեծանիվի վրա է ամրացվել, կերոսինով լիցքավորվել է»։

Ցուցանմուշների մեջ կետի ճարպով աշխատող լամպ էլ կա: Այն կիրառվել է մինչև կերոսինային լամպերի ի հայտ գալը:

Մանուկն ուսումնասիրել ու պարզել է, որ լամպերի մեջ կերոսինն առաջինը հայազգի մի դեղագործ է կիրառել։ «Կերոսինը 1850-ական թվերից հայազգի Իգնասի Լուկասևիչ անունով Լվովում Լեհաստանից եկած հայազգի գիտնական է եղել։ Էդ դեղատանն իրենք փորձեր են արել ու հում նավթից, թորման եղանակով, կերոսինի ստացումն առաջինն իրենք են արել։ Առաջինը փողոցային լուսավորության համար են արել, երկրորդը՝ վիրահատությունների ժամանակ, հետո մինչև Ռուսաստան տարածվել է», - պատմեց կոլեկցիոները։

Իսկ հավաքածուի ամենաթանկը մելքիորից ֆրանսիական լամպն է՝ մշակված կանաչ գրանիտով։

Մանուկը հիմա ցանկանում է իր լամպերի թանգարանի տարածքը ընդլայնել, քանի որ մարդկանց հետաքրքրությունը գնալով մեծանում է, այցելուները և՛ տեղացիներ են, և՛ արտասահմանցիներ։ Արտասահմանում ապրող հարազատները 20-ից ավելի լամպ են գնել, նա այժմ անհամբեր սպասում է դրանց տեղ հասնելուն, որպեսզի հին ցուցանմուշներին նորերն ավելացնի։