Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ համաչափ պատասխան միջոցներ կձեռնարկի Եվրամիության սահմանած նոր պատժամիջոցների կապակցությամբ:
Նախօրեին Եվրամիությունը հաստատել է պատժամիջոցների 6-րդ փաթեթը: Եվրոպացիները մասնակի էմբարգո են դրել ռուսական նավթի վրա, SWIFT համակարգից անջատել են Ռուսաստանի ամենախոշոր դրամատունը՝ Sberbank-ը:
Սև ցուցակում են հայտնվել «Օբորոնէքսպորտ», «Վոյենտելեկոմ», «Վոյենտորգ», «Կամազ», «Տատնեֆտ-Նեֆտեխիմ», «Սեմդիզել» ընկերությունները:
Եվրամիության տարածքում կարգելափակվի «Ռոսիա-24», «ՌՏՌ-Պլանետա», «ՏՎ-Ցենտր» հեռուստաընկերությունների հեռարձակումը:
Սանկցիոն ցանկում են նաև ֆիզիկական անձինք, մասնավորապես, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի կինը՝ Օլիմպիական չեմպիոն գեղասահորդ Տատյանա Նավկան, Պեսկովի չափահաս երեխաները՝ Ելիզավետան և Նիկոլայը, «Յանդեքս» ընկերության հիմնադիր Արկադի Վոլոժը, նախկին մարմնամարզուհի, նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմը համարվող Ալինա Կաբաևան:
Պատժամիջոց է սահմանվել նաև «Բելինվեստբանկ» բելառուսական դրամատան նկատմամբ: